Աուտիզմի իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Գյումրիում «Կարիտաս» ԲՀԿ «Իմ իրավունքը 2» և «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրերի շրջանակներում մի շարք ուսանողներ և դպրոցականներ մի քանի օր շարունակ քայլել են քաղաքի փողոցներով և իրականացրել իրազեկող արշավ։ Փորձագետ Աննա Հակոբյանի խոսքով՝ արշավի կարիքը զգացվում է, քանի որ այս կերպ հասարակությունն ուղիղ հաղորդակցման մեջ է մտնում ու իրազեկվում, թե ինչ է աուտիզմը։
«Արշավ իրականացնող դպրոցականներն ու ուսանողները այսպես ասած համարվում են ներառականության տարածողներ։ Դրական արդյունք են գրանցել, հիմնականում մարդկանց հետաքրքիր էր, թե ինչ ակցիա է իրականացվում և պատրաստակամ էին լսելու թե՛ դպրոցական երեխաներին, թե՛ ուսանողներին։ Գունավոր տեղեկատվական թերթիկները, ևս իրազեկման գործիքակազմի մի մասն էին կազմում, բայց հատկանշականն այն է, որ կային մարդիկ, որոնք իրազեկված էին և կային մարդիկ, որոնք հետարքրքություն ցուցաբերեցին, եղան մարդիկ, որոնք մերժեցին, բայց իրենք փոքրամասնություն էին կազմում։ Մասնակիցները ոգևորվում էին դրական արձագանքից»,-նշում է Աննան։
Աննայի խոսքով՝ շնորհիվ տարբեր հասարակական կազմակերպությունների տարած աշխատանքի՝ հիմա փոփոխություն կա ու հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսվում է, հաճախ խոսում են հենց հաշմանդամություն ունեցողները, ինչը ողջունելի է, բայց և նմանօրինակ արշավները ևս նպաստում են կարծրատիպերի կոտրմանը, քանի որ խնդրի լուծման ճիշտ ճանապարհը բարձրաձայնելն ու խոսելն է այդ մասին։
«Շատ կարևոր է սկսել խոսել խնդիրների մասին, ուղղակի դուրս գալ ու երկխոսել հասարակության հետ։ Օրինակ, մի կին մեզ սկսեց պատմել այն մասին,որ իր բարեկամի երեխան աուտիզմ ունի, բայց այդ մասին իմացել են երբ արդեն 5 տարեկան է եղել, չնայած, որ աուտիզմի նախաշաններն առաջ են գալիս մինչև 3 տարեկանը, պետք չէ իդեալական գիտելիքներ ունենալ, թե ինչ է աուտիզմը կամ դաունի համախտանիշը, բայց իրազեկումը կարող է մոտեցում փոխել ու կարծրատիպ կոտրել»,-նշում է Աննան ու հավելում՝ իրազեկման շաբաթվա նպատակը ավելի շատ ներառականության տարածման ուղերձն էր։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան