Վանաձորից կամավորների ուղեկցությամբ Երևան եկած հաշմանդամություն ունեցող 8 երեխաների մուտքն այդպես էլ չի թույլատրվել «Ակվատեկ» ջրային համալիր և սա այն պարագայում, երբ երեխաները Երևան էին հասել նախնական պայմանավորվածություն ունենալով։
«Վանաձորից կամավորները նախապես զանգահարել էին և ճշտել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար մուտքի տոմսը կարժենա 2500 դրամ՝ 5000-ի փոխարեն։ Երեխաները սրտի թրթիռով սպասել էին, մեծ ոգևորությամբ Երևան եկել և արդեն մուտքի մոտ երեխաներին ասել են, որ պետք է վճարեն 4000 դրամ։ Երբ ծնողներից մեկն ասել է, որ իրենք որպես հաշմանդամություն ունեցող նախորդ անգամ նույնիսկ անվճար են մուտք գործել, ավելորդ բանավեճից խուսափելու համար կանչել են տնօրենին, նա կամավորների հետ ներս է մտել ու ցույց տվել այցելուների քանակն՝ ասելով, որ համալիրում շատ մարդ կա և երեխաների սայլակները կխանգարեն այցելուներին, այցելուներն էլ՝ իրենց», — coalition.am-ի հետ զրույցում պատմեց երեխաներին ուղեկցող Հասմիկ Սողոմոնյանը։
Հաշմանդամություն ունեցող 8 երեխաներից մեկն էլ Հայկ Մարտիրոսյանն էր, 12 տարեկան։ Մանկական ուղեղային կաթված ունեցող տղային մայրն էր ուղեկցում։ Մեզ հետ զրույցում մայրը պատմեց, որ ծնողներն ավելի վատ վիճակում էին հայտնվել, փորձում էին ամեն կերպ այնպես անել, որ երեխաները վատ չզգան խնդրի բուն պատճառից։
«Հայկս անպայման ուզում էր տեսնել էն չար ձյաձյային, որ ասեր մի քիչ բարի լինի, — ասում է Հայկի մայրը՝ Լիլիթ Մխիթարյանը, — մեր երեխաները անհամբեր սպասել էին, պատրաստվել էին, փչովի օղակներ էին վերցրել ու այդպես մնացին մուտքի մոտ կանգնած, շատ վատ հոգեվիճակում», — ասաց մայրը։
Այսօր Ջրաշխարհը հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենց մոտեցել են ուղեկցող երկու կամավորները, պատասխանատու աշխատակիցները պատրաստակամություն են հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև ծանոթացնելու Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ նրանք այդպես էլ չեն վերադարձել: Լիլիթ Մխիթարյանը պարզաբանեց, որ արդեն ժամը 3-ն էր և իրենք իրենց հետ չունեին գլխարկներ, հետևաբար ուժեղ արևի տակ երեխաները մնալ չէին կարող, հետևաբար չեն ընդունել Ջրաշխարհում լողալու առաջարկն ու հեռացել են։
«Մեզ դրանից հետո հյուրընկալեցին «1+1» խնամքի կենտրոնում, մեզ համար հյուրասիրություն կազմակերպեցին և առաջարկեցին երեխաներին տանել «21 կոպեկանոց» լողավազան, քանի որ երեխաները տրամադրված էին։ Մենք այդպես էլ արեցինք, 1 ժամ լողացին, օգտվեցին հյուրասիրությունից ու երեխաները հետ վերադարձան Վանաձոր», — պատմում է մայրը։
Մենք նույնպես փորձեցինք կապ հաստատել «Ակվատեկ» ջրային համալիրի տնօրինության հետ, բայց տնօրենը տեղում չէր և ասացին այլ անձ իրավասու չէ պատասխանել մեր հարցերին։
Այսօր ծնողները կրկին հրավիրվել էին «Ջրաշխարհ» պարզաբանում ստանալու նպատակով։
«Մեզ ասացին, որ երկու համալիրները՝ «Ջրաշխարհը» և «Ակվատեկը», նույն ընկերությանն են պատկանում։ Ասում էին, թե իբր մեր մասին մտածելով են ասել, որ տարածքը հարմար չէ։ Ասում էին ո՞վ պետք է երեխաներին գրկի, իջացնի, բայց իրենք չգիտեն, թե մեր մայրերը որքան գերբնական ուժ ունեն։ Ես իմ տղային գրկած 5-րդ հարկ եմ բարձրացնում։ Ինչևէ, մեր ուզածը մեկն է, որ նման իրավիճակում էլ ոչ մի երեխա ու ծնող չհայտնվի։ Միայն ասեմ, որ այսօր շատ ջերմ վերաբերմունք կար մեր հանդեպ, նույնիսկ երեխային նվերներ տվեցին, բայց իրենց սխալն այդպես էլ չընդունեցին, ոչ մեկը ներողություն չխնդրեց երեխաներից», — պատմում է Լիլիթը։
Դեպքից հետո հայտարարություն էր տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ դեպքի մանրամասները ուսումնասիրվում են։ Առաջիկայում կարվի հայտարարություն դեպքի վերաբերյալ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան