Գոհար Ղուկասյանը նշում է` չնայած ունի միջնակարգ ու բարձրագույն կրթություն, մի քանի ոչ ֆորմալ վերապատրաստումներ ու հիմա էլ մագիստրոսական կրթություն է ստանում, բայց աշխատանք գտնելը Գյումրիում բարդ է, և այն կրկնակի բարդանում է, երբ անձն ունի նաև հաշմանդամություն։ 2019 թվականին Գյումրու զբաղվածության կենտրոնի միջնորդությամբ մասնակցել է դասընթացի ու աշխատանքի անցել քաղաքի զարգացման կենտրոններից մեկում։ Բայց ինչպես պետք է զրույցից պարզ դառնար, աշխատանք գտնելը թեկուզ պետության աջակցությամբ զերծ չի պահում աշխատանքային իրավունքների ոտնահարումից։ Այդ ժամանակ գործել է պետության կողմից իրականացվող «Աշխատաշուկան»՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելուն ուղղված ծրագիրը։ Ըստ կնքված գործատու, աշխատող և պետություն եռակողմ պայմանագրի՝ աշխատանքի անցնելուց սկսած՝ վեց ամիս շարունակ պետությունը 50%-ով փոխհատուցել է Գոհարի աշխատավարձը, մնացածը՝ գործատուն։
«Նախ՝ աշխատանքի անցնելուց առաջ պետության ներկայացուցիչները եկան տարածքի ուսումնասիրման, թե այն որքանով է հարմարեցված կամ ինչպես պետք է հարմարեցվեր ինձ, քանի որ ունեմ հենաշարժողական խնդիր և անհրաժեշտ էր հաճախ բարձրանալ ու իջնել աստիճաններով, բայց դա ինձ համար ֆիզիկական ծանրաբեռնվածություն էր։ Ես կարող եմ ինքնուրույն տեղաշարժվել՝ առանց հենակների կամ սայլակի, բայց խնդիրը ողնաշարիս հետ է, ու այսպես ինձ համար սահմանափակումներ կան։ Իրենք ծրագրի մեջ ընդգրկեցին, որ պետք է հարմարեցվեր տարածքը հաշմանդամություն ունեցող անձի համար, այս դեպքում՝ ինձ համար։ Պարտականությունս օֆիսի համակարգումն էր, 6 ժամ պետք է այնտեղ լինեի, քանի որ այն երեխաների զարգացման կենտրոն էր ու աշխատանքս էլ իրենց հետ էր լինելու. դա ինձ կրկնակի էր մոտիվացրել»,-պատմում է Գոհարը։
Քանի որ, ըստ համակարգողի ունեցած պարտականությունների, ինքը պետք է հսկեր կառույցում տեղի ունեցող բոլոր գործընթացները, բայց և աստիճաններով հաճախ իջնել ու բարձրանալ չի կարողացել, ուստի, տարածքում տեղադրվել են տեսախցիկներ, և ինքը պետք է վերահսկողությունն իրականացներ մոնիտորի միջոցով։ Վերջինս ևս փոխհատուցման ծրագրի շրջանակում է եղել. պատմում է Գոհարը։
«Տեսախցիկները գնեցին, տեղադրեցին, ես նաև պետք է ունենայի համակարգիչ, սեղան և հարմարեցված աթոռ։ Չնայած տեսախցիկները ձեռք բերվեցին, բայց գործատուն ինձ չփոխանցեց անգամ գաղտնաբառը, որով ես կարող էի միանալ և հետևեի օֆիսի անցուդարձին՝ աստիճաններով հաճախ չիջնելու համար։ Ես արդեն մի քանի ամսվա աշխատող էի, երբ գործատուն ասաց, որ իրեն չի հետաքրքրում ու ես պետք է իջնեմ ներքև՝ երեխաներին դիմավորելու, քանի որ համակարգողը ես եմ։ Նշեմ, որ, այո՛, ըստ պայմանագրի՝ ես էի պատասխանատուն երեխաների մուտքի ու ելքի, անվտանգության և այլնի, բայց ես ասացի, որ չեմ կարող այդքան իջնել ու ելնել և այդ մասին նոր չէ, որ պետք է իմանան։ Կենտրոն հաճախում էր 60-ից 80 երեխա, և ես ուղղակի ի վիճակի չէի այդքան իջնել-ելնելու։ Որոշ ժամանակ իմ փոխարեն գործընկերներս արեցին դա, բայց այդ փաստից ես շատ էի նեղվում»,-պատմում է Գոհարը։
Քանի որ պայմանագիրը կնքված է եղել մեկ տարով, այն խզել չէր ստացվի Գոհարի խոսքով։ 2020 թվականի համավարակի բռնկման պատճառով երբ բոլորը տանն էին, իրենք ևս մի քանի ամիս չեն աշխատել, բայց փոխհատուցում կամ աջակցությունը, որ պետք է ստանային ըստ օրենքի, ևս չեն տրամադրվել. պատմում է Գոհարը։
«Ես զանգեցի գործատուիս ու հարցրի, եթե մենք օրենքով գրանցված ենք, ինչո՞ւ համաճարակի ժամանակ ես փոխհատուցում չեմ ստանում, որպես թիրախային խմբի ներկայացուցիչ, քանի որ բացի այդ պահին գործազուրկ լինելուց, նաև հաշմանդամություն ունեցող անձ եմ, ինձ պատասխանեց՝ ում ուզում ես դիմի, ես թեժ գիծ զանգեցի, բայց անարդյունք։ Ապրիլ ամսին, երբ եկանք աշխատանքի, արդեն շատ վատ ու հրամայական տոնով ասաց, որ պլանները լավ չեմ գրում ու իբր աշխատանքս թերի եմ կատարում։ Քանի որ արդեն, ըստ պայմանագրի, 6 ամիսը, որի ընթացքում պետությունը պետք է աջակցեր աշխատավարձի հարցում, արդեն լրացել էր, գործատուն ասաց, որ ինձ էլ չի կարող վճարել նվազագույն աշխատավարձի չափով, փոխարենը կվճարի ինչպես այդ վեց ամիսների ընթացքում, այսինքն՝ 35.000 դրամ։ Ես ասացի՝ դուրս կգամ ու այս պայմանով չեմ աշխատի, ինքն էլ հակադարձեց, թե չեմ կարող դուրս գալ, քանի որ պայմանագիր ունենք կնքած, ըստ որի, եթե կողմերից մեկը խախտում է պայմանագիրը, պետք է ողջ փոխանցված գումարը հետ վճարի, եթե չեմ սխալվում 500․000 դրամի մասին էր խոսքը, և ինքը այս փաստով վախեցնում էր ինձ։ Բայց ես ասացի, որ չեմ աշխատի այս պայմանով։ Հետո նշեմ նաև, որ ես այս ընթացքում զուտ բարի կամքի դրսևորմամբ ստանձնել էի նաև մանկավարժի պարտականություններ և մի քանի առարկա դասավանդում էի՝ առանց հավելավճարի, իսկ Քովիդից հետո, այդ սթրեսային իրավիճակով պայմանավորված երբեմն լինում էր, որ ես ձայն էի բարձրացնում երեխաների վրա, և գործատուն այս փաստը որոշել էր իմ դեմ օգտագործել, թե ես երեխաներին հոգեբանական ճնշման եմ ենթարկել, ու եթե փորձեմ աշխատանքից դուրս գամ, դատի կտա։ Քովիդից հետո մեզ սանեպիտից վկայականներ էին անհրաժեշտ, ու երբ ինքը զանգեց մեզ այդ մասին տեղեկացրեց,տրամաբանորեն աշխատանքային ժամի էին գնալու դրանք վերցնելու, որը գործատուն ասաց՝ թույլ չի տա. չնայած պարտադիր պայման էր դա ունենալը, բայց ասաց՝ իրեն չի հետաքրքրում, թե ինչպես կբերենք այդ գրքույկը»։
Ինչպես Գոհարն է պատմում, գործատուն, այսպես ասած՝ շանտաժի է ենթարկել այն նույն պայմանագրով, որի կետերը հենց ինքն էլ խախտել ու, սահմանվածից բացի, այլ պարտականություններ ավելացրել աշխատողի ուսերին։ Հետո գործատուն սկսել է նկատողություններ ուղարկել Գոհարին ու նշել, որ եթե մեկ անգամ էլ բացակայի, ուրեմն, կազատի աշխատանքից։ Այսպիսով, Գոհարը գնացել է աշխատանքից ազատման դիմում գրելու, որը ինչպես ինքն է պատմում գործատուն պատռել ու նետել է աղբամանը։ Ստիպված է եղել զանգել զբաղվածության կենտրոնին, որի միջոցով էլ աշխատանքի է անցել, ներկայացրել է իրավիճակը, որտեղից իրեն պատասխանել են՝ կփորձեն օգնել խնդրի լուծման հարցում։ Բայց հիշեցրել են, որ եթե պայմանագիրը կխզվի իր կողմից, ուրեմն, պետք է տուգանք վճարի, որին ինքն արդեն պատրաստ է եղել, բայց նաև տեղեկացրել է, որ կդիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
«Երբ իմացան, որ ես կդիմեմ ավելի բարձր ատյանների, իրենք ավելի լուրջ մոտեցան հարցին։ Ինձ առաջարկեցին գործատուի հետ մեկ սեղանի շուրջ նստել ու խնդրին լուծում գտնել, ես հրաժարվեցի։ Հետո գործատուն զանգեց ինձ ու ասաց՝ եթե հաջորդ օրը ժամը 9-ին չլինեմ աշխատանքի վայրում, ապա՝ չփոշմանեմ։ Ես առաջարկեցի փոխել խոսելու տոնը, ինքը կրկին սպառնաց դատի տալ։ Բայց ես մեկ ամիս աշխատանքի չգնացի ու զանգերին այլևս չէի պատասխանում, քանի որ այդ նյարդային վիճակը ինձ վնասում էր։ Հետո զանգեց գործատուի կինն ու ասաց, որ կարող եմ գնալ աշխատանքից ազատմանս փաստաթուղթը վերցնեմ, ես մայրիկիս խնդրեցի գնալ ու վերցնել։ Ես կուզեի դիմել ՄԻՊ-ին, քանի որ բացի զուտ հոգեբանական ճնշումներից, ինձ համար դժվար է նաև կորցնել աշխատանք, որը ես սիրում էի, քանի որ երեխաների հետ աշխատելն ինձ համար իսկապես հաճելի էր, բայց ծնողներս խնդրեցին չանեմ դա»,-պատմում է Գոհարը։
Հիմա այս պատմությունը անցյալում է, բայց աշխատաշուկան զգալի փոփոխություններ չի կրել։ Երբ խախտվում է իրավունքը, անհրաժեշտ է բարձրաձայնել. վստահեցնում է Գոհարը և հույս հայտնում, որ իր պատմությունը չի կրկնվի հաշմանդամություն ունեցող այլ անձանց հետ, բայց և վստահ է, որպեսզի նմանատիպ դեպքերը նվազեն, պետք է օրենքը վերանայվի։
Նշենք նաև, որ ՄԻՊ-ի 2022 թվականի ամփոփ հաղորդման մեջ նշված է՝ 2022 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել և քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ շուրջ 900 դիմում, բողոք: Հաշմանդամության ոլորտում Պաշտպանին հասցեագրված բողոքները հիմնականում վերաբերում են այնպիսի համակարգային բնույթի խնդիրների, ինչպիսիք են հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի վերանայման, գնումների կամ այլ կազմակերպչական գործընթացներով պայմանավորված՝ պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքի իրացման, միջավայրային հարմարեցումների, ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության ապահովման, հաշմանդամության կամ հիվանդությունների հիմքով խտրականության դրսևորումների, համայնքահեն ծառայությունների հասանելիության, բժշկասոցիալական փորձաքննությունների, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց նկատմամբ փորձաքննությունների, վերափորձաքննությունների իրականացման վարչարարության, ԲՍՓ հանձնաժողովների անդամների՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան կացարաններով ապահովվելու, զբաղվածության իրավունքի իրացման, հանրային կյանքի տարբեր ոլորտներում մասնակցության իրավունքի իրացման, բժշկական ծառայությունների հասանելիության, սոցիալական, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքների իրացման խնդիրները: Կարևոր է նշել, որ բողոքների, դիմումների ուսումնասիրության ընթացքում Պաշտպանի իրավասությունների շրջանակում պետական իրավասու մարմիններից բացի, կոնկրետ անհատական գործի վերաբերյալ գրավոր տեղեկատվության և պարզաբանումների տրամադրման վերաբերյալ պահանջի ներկայացումն ու դրանց ուսումնասիրությունը, աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ: Այսպես, օրինակ, աշխատանքային կարգով ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների կողմից քննարկվել են ԲՍՓ հանձնաժողովների անդամների՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելմանը միտված մեխանիզմների և գործիքակազմերի ներդրման, այդ թվում՝ բողոքների քննարկման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության հարցերը, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների անձնակազմերի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը և այլն:
Իրականացված աշխատանքների համատեքստում, այնուամենայնիվ, դեռևս շարունակում են խնդրահարույց մնալ հատկապես գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման մոտեցումները:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան