«Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ դեռևս Խորհրդային Միությունից եկած մոտեցում կար, ըստ որի չկային հաշմանդամություն ունեցող անձինք, համենայնդեպս, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և այդ մոդելով էլ շարունակվում էր կառուցվել շենք-շինություններ, ու ըստ այդմ էլ շենքերը, միջավայրը հարմարեցված չէին հաշմանդամություն ունեցող անձանց, ինչն էլ խտրականություն է, ցայտուն դրսևորում է»,- նշում է Սուրեն Ավդալյանը, որն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գյումրու ներառական ծրագրերից մեկում՝ որպես անիմատոր։ Ինչպես Սուրենն է նշում, կա դրական տեղաշարժ կարծրատիպերի կոտրման և ավելի ներառական միջավայր ստեղծելու առումով, բայց, օրինակ, աշխատաշուկա մտնելը դեռ հաշմանդամություն ունեցող շատ անձանց համար շարունակում է խոչընդոտներ ունենալ։ Հաշմանդամություն ունեցող անձին շատ հաճախ կարող է անհրաժեշտ լինել խելամիտ հարմարեցումներ ստեղծել, որից էլ գործատուն հաճախ խուսափում է: Նշենք, որ խելամիտ հարմարեցումների տրամադրումը օրենքով ամրագրված է։
«Չնայած օրենքի պահանջին՝ գործատուները խուսափում են խելամիտ հարմարեցման տրամադրումից : Նշեմ նաև, որ այն պետության կողմից փոխհատուցվող ու աջակցվող մեթոդ է հանդիսանում։ Այս ամենի պատճառը, ըստ ինձ, նաև գործատուի ինֆորմացված չլինելն է կամ աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձի ոչ իրավագիտակից լինելը։ Իրականում իրենք կարող են վախենալ մեկ երևույթից, որը չեն պատկերացնում։ Շատերի մոտ դեռ էն մոտեցումն է, որ հաշմանդամություն ունեցողը ոչ թե պրոդուկտ ստեղծող է,էս խնդիրը մեկ սկզբնաղբյուր ունի, որն է ոչ բավարար կրթական ցենզը»։
Թե ինչպես մուտք գործեց ՀԿ ոլորտ և ինչու որոշեց զբաղվել միջավայրի ներառական դառնալու աշխատանքներով, Սուրենը պատասխանում է՝ ինքն ունի մանկական ուղեղային կաթված ու գիտի սեփական փորձով, թե ինչ խոչընդոտների կարող է հանդիպել հաշմանդամություն ունեցող անձը սուր կարծրատիպեր ունեցող երկրում, ինչպես Հայաստանն է։
«2017 թվականին, երբ դեռ ես նոր համալսարան էի ընդունվել, մենք փոքր թիմով բարեգործական նախաձեռնություն կյանքի կոչեցինք։ Հաշմանդամություն ունեցող երեխայի սենյակի և բնակարանային պայմանների բարելավում իրականացրինք՝ հարմարեցնելով իր կարիքներին։ Աշխատանքի վերջում մենք եկանք այն որոշմանը, որ բարեգործական ՀԿ պետք է գրանցենք նմանատիպ ծրագրերի շարունակության համար, և դա եղավ իմ մուտքը դեպի ՀԿ ոլորտ։ Շուտով մեր հիմնած կազմակերպությունը անդամակցեց կոալիցիայի, որը նման խնդիրներով է զբաղվում։ Որոշ ժամանակ անց առաջարկ ստացա աշխատել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ում՝ «Իմ իրավունքը» ծրագրում` որպես անիմատոր։ Այդ օրվանից ավելի թիրախավորված ձևով աշխատանք ծավալվեց դեպի հասարակության տարբեր շերտերի մոտ կարծրատիպեր կոտրելու, հաշմանդամություն ունեցող անձանց մոտ տեղեկատվության և իրավագիտակցության բարձրացման հարցում, այդ թվում՝ դպրոցի աշխատակազմի, ինչպես նաև աշակերտների ու իրենց ծնողների մոտ»։
Ոլորտը հետաքրքիր է դարձել նաև բարձրագույն հաստատությունում ընտրած մասնագիտության՝ իրավագիտության շնորհիվ. նշում է Սուրենը։ Ուսումնասիրությունների ընթացքում հասկացել է, որ հասարակության մոտ կա իրավագիտակցության ցածր մակարդակ, իսկ խնդիրն ավելի է բարդանում, երբ խոսում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներից։ Այն ծրագիրը, որում հիմա ինքն աշխատում է, նպատակներից է նաև օրենքներն ավելի հանրամատչելի մատուցելը՝ սկսած դպրոցներից։
«Հայաստանում ներառականության մասին խոսելով՝ պետք է հասկանանք, որ այն առանձին գործող մեխանիզմ չէ, և իր աշխատանքը կապված է նաև գործող մյուս ինստիտուտների կայացած լինելու հետ։ Օրինակ, ներառականությունը կապ ունի քաղաքաշինության նորմերի, կրթության որակի, հանրային տրանսպորտի հետ, և չկա շրջանցող մեկ ոլորտ, որը կապ չունի վերոնշյալի հետ։ Համընդհանուր ներառականության անցումը կատարելը որոշակիորեն ազդել է միջավայրի բարեփոխման հետ, բայց դա մասնակի է կայացած։ Մի շարք խնդիրներ բաց են թողնվել, օրինակ, քաղաքային տրանսպորտի ցանցը բարելավվելուց հետո որոշվեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար լինելու է հարմարեցված մի քանի տրանսպորտ. մինչդեռ ճիշտ մոտեցումը կլիներ, եթե ընդհանուր հարմարեցում լիներ։ Կարծես թե առաջնորդվում են ավելի լավ է սա, քան ոչինչ սկբունքով»։
Ինքը հիմնականում չի օգտվում հանրային տրանսպորտից, բայց ոչ միայն նրա համար, որ ոչ բոլոր տրանսպորտային միջոցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց, այլ, Սուրենի խոսքով, ասֆալտապատման համար քանդված ու մինչ օրս չնորոգված երկրորդական փողոցներով կանգառ հասնելը ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձի համար ֆիզիկապես անհնար է դառնում։
«Այսինքն՝ մենք ունենք ցանցային կամ, այսպես ասած, շղթայական չլուծված խնդիրներ։ Օրինակ, ներառական հասարակություն ունենալու համար միայն ընդհանուր ներառականության շրջանակներում հաշմանդամություն ունեցող երեխայի ընդամենը մուտքը դպրոց ապահովելը ելք չէ։ Արդյո՞ք այդ երեխայի հետ աշխատելու են համապատասխան մասնագետներ, կա՞ն արդյոք տեխնիկական ու շենքային պայմանների հարմարություններ. սրանք կարևոր, բայց օդից կախված հարցեր են։ Այս թվում են նաև նոր կառուցվող շենքերը, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց և շարունակվում են կառուցվել. սրանք խտրական մոտեցում են, որոնք չեն համապատասխանում միջազգային պահանջներին, որոնք արդեն նոր ցիվիլ աշխարհում վաղուց գործում են»։
Խոսելով այլ երկրների փորձից՝ Սուրենն ընդգծում է՝ Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց գործածումն ու ազդեցությունը օրենքի դաշտում դեռևս չեն գործում։
«ՀՀ-ն ստորագրել է Սալամանկայի հռչակագիր հաշմանդամություն ունեցող անձանց ու երեխաների իրավունքների մասին և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցով ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն՝ իրականացնելու օրենսդրական փոփոխություններ, բայց մենք տեսնում ենք, որ 20 և ավելի տարի չի արվել ու դա էլ առաջացրել է մոտեցում թե՛ հասարակության, թե պաշտոնյաների կողմից, որ դա նորմալ է։ Սա իրականում տարրական իրավունքի, օրենքի պահանջ է և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է իմանան, որ իրենց համար արվող ցանկացած փոփոխություն չպետք է դիտվի որպես բարի կամքի դրսևորում. սա բարեգործություն չէ, այլ պետության կողմից ստանձնած պարտավորություն»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան