«Բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խնդրում եմ օգնել կերակրել բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայել նրանց քաղցած աչքերին»։
Օրեր առաջ շրջափակված Ստեփանակերտում բնակվող 5 անչափահաս երեխաների մայրն այսպիսի գրառում արեց։
«Անճարությունից արդեն չգիտեի ինչ անել, երեխաներս սովի են մատնվել», — պատմում է Ռուզաննա Խաչատրյանը, որ հերթական անգամ սոված երեխաներին կշտացնելու համար պատկան մարմիններին էր դիմել ու նույն պատասխանը ստացել, մթերք չկա, ոչինչով օգնել չեն կարող։
Ռուզաննան 5 անչափահաս երեխա ունի, մեծը 13 տարեկան է, փոքրը՝ 3, երեխաներից երկուսն էլ հաշմանդամություն ունեն։
«Իրենց մոտ ժառանգական է, սայլակով են տեղաշարժվում երկուսն էլ։ Մինչև շրջափակումն էլ սոցիալապես ծանր պայմաններում էինք ապրում։ Ամուսինս զինվորական է, ես աշխատել չեմ կարող, երեխաներիս եմ խնամում։ Ամուսնուս աշխատավարձով ու երեխաների թոշակով էլի ծայրը ծայրին հասցնում էինք, թեկուզ փլավ, կարտոֆիլ, բայց մի բան ուտում էին, սոված չէինք քնում։ Հիմա արդեն դա էլ չկա։ Խանութները դատարկ են, եղածն էլ այնքան թանկ է, որ չես կարող գնել։ Սովի ենք մատնված, ամեն օր կիսասոված ենք քնում, երեխաներս մեծ են, հասկանում են, որ չկա, բայց աչքերից երևում է, որ սոված են, ձայն չեն հանում։ Բոլորս արդեն քաշի կորուստ էլ ունենք, էսպես ինչքա՞ն կդիմանանք», — լացը կոկորդում խեղդելով պատմում է մայրը։
Տիկին Ռուզաննան, որ նախկինում երազում էր երեխաներին արտերկրում բուժելու մասին, հիմա միայն երազում է մի կտոր հաց հայթայթելու, երեխաներին կուշտ փորով քնեցնելու մասին։
«7 շնչին օրական երկու հաց է ընդամենը հասնում։ Հացն էլ մի քանի ժամ հերթ ես կանգնում, որ ստանաս։ Եղել է դեպք, որ հերթ եմ կանգնել, մեզ հաց էլ չի հասել։ Կարտոֆիլ եմ խաշել ջրով, առանց ձեթի, շաքարավազ չկա, որ գոնե փոքրիս թեյ տամ, ամբողջ գիշեր սովից լացում է։ Հարևանից եմ մի քիչ ձեթ խնդրել, որ ձվաձեղ անեմ, գոնե ուտեն, բայց իրենք էլ չունեն։ Բոլորն էլ նույն վիճակում են, ո՞վ իրա երեխայի բերանից կկտրի ու իմ երեխեքին կտա», — ասում է տիկին Ռուզաննան։
Ֆեյսբուքյան գրառումից հետո որոշակի օգնություն եղել է։ Մարդիկ ձեթ, շաքարավազ, հնդկաձավար ու մակարոնեղեն են բերել, բայց դա էլ մի որոշ ժամանակ կբավականացնի, իսկ հետո՞ ինչ է լինելու», — հարց է բարձրացնում ամեն օր երեխաներին քաղցած հայացքներից ու իր անճարությունից մթության մեջ թաքուն լացող մայրը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան