1990 թվականի օգոստոսի 27-ին, երբ Ավստրիայի կառավարությունը գյումրիին նվիրեց «Կարմիր գլխարկ» մանկապարտեզը, որևէ մեկը չէր էլ պատկերցնի, անգամ նվիրատուն, որ այդ հաստատությունը մեծ նվեր ու փրկօղակ է դառնալու հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար:
1990 թվականին մանկապարտեզն իր դռները բացեց Շուշանիկ Ստեփանյանի տնօրինությամբ: Կարճ ժամանակ անց հենց նա դժվարությամբ, բայց մեկնարկեց հաշմանդամություն ունեցող երեխաների ընդունելության՝ այդ տարիների համար ռիսկային աշխատանքը:
«Քաղաքի ղեկավարությունը հենց առաջին իսկ օրվանից դեմ է եղել, որպեսզի մենք մանկապարտեզ ընդգրկենք հաշմանդամություն ունեցող երեխաներ, բայց ես ամեն ջանք գործադրել եմ, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները մեր մանկապարտեզ հաճախեն:
Տարիներ առաջ ես եղել էի Շվեյցարիայում, Ամերիկայում, տեսել էի, որ տարանջատում չկա և ամենատարբեր հաշմանդամություն ունեցող երեխաները հավասարի սկզբունքով են հաճախում ցանկացած հաստատություն: Ես շատ եմ պայքարել և հասել եմ իմ նպատակին: Այն ժամանակ մեր ժողկրթ բաժնի վարիչը էր դեմ, բայց հետո թույլ տվեց և ասաց.
«Տիկին Ստեփանյան, դուք կարող եք ընդունել, բայց ինչ-որ փորձաշրջանով, որպեսզի մենք տեսնենք կարդարացնի արդյո՞ք Ձեր ասածը»»,- մեզ հետ զրույցում պատմեց մանկապարտեզի տնօրենը:
Մանկապարտեզը յուրահատուկ էր այն առումով, որ կառուցվել էր Ավստրիական թաղամասում, որտեղ հիմնականում ապրել են 88-ի աղետի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք: Հենց նրանց ընտանիքներից էլ ընտրվել էին մանկապարտեզի աշխատակիցները:
Սրանով պայմանավորված «Կարմիր գլխարկ»-ում երեխաների հետ աշխատանքը բավական հեշտ ու սահուն է կազմակերպել:
«Կամ տանն ունեին հաշմանդամություն ունեցող երեխաներ, կամ ընտանիքի անդամներն ունեին հաշմանդամություն:
Այսինքն իրենք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու փորձ ունեին: Շատ-շատ երեխաներ ենք ունեցել և սիրով իրենց ընդունել, և դա այն տարիներին, երբ դեռ ներառականության մասին խոսք չկար, անգամ գաղափար չկաև այն որպես համակարգ ներդնել այս ոլորտում»,- ասում է տիկին Ստեփանյանը:
Մանկապարտեզի շենքային պայմանները ևս նպաստել են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները խնդիրների չհանդիպեն: Այս մասին հոգացել են ավստրիացի շինարարները:
«Ավստրիացիները, երբ որ կառուցել էին այս մանկապարտեզը, իրենք գիտեին,որ թաղամասում պետք է ապրեն
հաշմանդամություն ունեցող մարդիկ և նախատեսել էին այնպիսի պայմաններ,որ երեխաները կարողանային հանգիստ շարժվել, հոգալ իրենց կարիքները:
Հետո մենք կառուցեցինք հարթակներ,որպեսզի արդեն սայլակով տեղաշարժվողերեխաները կարողանային գալ և գնալ մանկապարտեզ»:
Ի դեպ, տարիներ շարունակ ՝«Կարմիր գլխարկ» են հաճախել նաև «Գյումրու երեխաների տան» սաները: Այս պահին մեծ խնդիրներ են ծագել՝ կապված փողոցների անմխիթար վիճակի և թափառող շներ մեծ թվի հետ կապված: Տնօրենը հույս ունի, որ առաջիկայում այդ հարցերը կկարգավորվեն և չեն խանգարի երեխաների բնականոն կյանքին:
Տնօրենն ուրախ է, որ վերջապես շատերը կարողացան հավասարության նշան դնել ևփոխվեց մտածողությունը, հենց ծնողն ինքը փոխեց իր վերաբերմունքը սեփական երեխայի նկատմամբ, հաղթահարեց վախերն ու բոլոր զգացողությունները՝ երեխային հանեց հասարակության մեջ՝ չառանձնացնելով ընդհանուրից:
Փոխվեց նաև հասարակությունը՝ դառնալով ավելի բաց և հանդուրժող:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան