9-ամյա Ֆելիքսը ծնվել է մանկական ուղեղային կաթվածով, ունի հենաշարժողական խնդիրներ։
Պետությունից ամսական ստանում է 39 հազար դրամ հաշմանդամության թոշակ։
Մայրը՝ Աննա Դավոյանը, պատմում է, որ պետական այս աջակցությունը չի բավարարում երեխայի
կարիքները հոգալու համար։ «Ֆելիքսն ունի հենաշարժողական խնդիրներ, մենք նրան
հիմնականում տեղափոխում ենք տաքսիով, վճարում ենք ճանապարհածախս։ Բացի այդ,
պետությունը տարեկան երկու անգամ է մեզ ուղեգրում անվճար վերականգնողական բուժման, իսկ մեզ ավելի երկար ժամանակ է հարկավոր բուժվելու համար»,-ասում է մայրը։
Ֆելիքսի ընտանիքը հաճախ ստիպված է լինում փնտրել բարերարների կամ բարեգործական
կազմակերպությունների՝ վերականգնողական թերապիաների մասնակցելու նպատակով։
«Բնական է, որ ամեն անգամ բարերաներ չեն լինում այդ ծախսերը հոգալու համար, այդ
պատճառով թերապիաները չենք կարողանում շարունակել։ Ֆելիքսի նման խնդիրներ շատ
երեխաներ ունեն»,-ավելացնում է Աննան։
Ինչպես պատմում է երեխայի մայրը, նախորդ տարի վերականգնողական բուժման երկու փուլն օգտագործել են միանգամից, արդյունքն ակնհայտ է եղել։
«Մենք միշտ վեց ամիսը մեկ էինք օգտագործում ուղեգիրը, վերջին անգամ իրար ետեւից
օգտագործեցինք եւ շատ գոհ մնացինք։ Ֆելիքսի մոտ մեծ փոփոխություն եղավ։ Նրա հետ
աշխատում էր 5 մասնագետ»,-ասում է նա։
Վերականգնողական թերապիաների մասնակցող երեխաների ծնողները վերջին մեկ-երկու տարում համոզվել են՝ տարեվերջին պետական գումարների պակասի պատճառով չեն կարողանում շարունակել երեխաների բուժումը պետպատվերի շրջանակում։
«Մենք ունեինք ծնողներ, որոնց երեխաները տարվա վերջում չկարողացան բուժում ստանալ,
երկրորդ ուղեգրերն այդպես էլ չկարողացան օգտագործել, քանի որ պետպատվերն ավարտվել էր»,-մանրամասնում է Աննա Դավոյանը։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք պարբերաբար բուժում են ստանում Երեւանում, հաճախ չեն կարողանում լրացնել բաց դասերը մասնագետների պակասի պատճառով։ Նման խնդրի առաջ է կանգնել նաեւ 9-ամյա Ֆելիքսը, որը կրթություն է ստանում նույն թաղի միջնակարգ դպրոցում։ Նրա հետ աշխատում են տարածքային
մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մասնագետները։
«ՏՄԱԿ-ի մասնագետները քիչ են, նրանք աշխատում են տարբեր դպրոցներում, կենտրոնն ունի
հոգեբան, լոգոպեդ, բաց չունի էրգոթերապեւտ, նաեւ ֆիզիոթերապեւտ։ Երբ բուժման պատճառով
բացակայում ենք դասերից, բաց դասերը չենք կարողանում լրացնել մասնագետների պակասի
պատճառով, որն էլ վատ ազդեցություն է ունենում»։
Ֆելիքսն ավագ քրոջ, ծնողների հետ ապրում է Գյումրու Մուշ-2 թաղամասում՝ վարձակալած
բնակարանում։ Բնակարանի սեփականատերն ավելացրել է վարձավճարի չափը՝
կրկնապատկելով։ «Մեզնից պահանջեց վճարել 70 հազար դրամ, բայց հետո որոշեց ամեն մի
երեխայի համար 10 հազար դրամ իջեցնել։ Հիմա ամսական վճարում ենք 50 հազար դրամ»,-ասում
է երեխայի մայրը՝ Աննա Դավոյանը, որն առողջական խնդիրների պատճառով չի
աշխատում։ Ընտանիքի միակ աշխատողը Ֆելիքսի հայրն է։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական
բարեփոխումների կոալիցիան, եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության
տեսակետները:
Անի Մկրտչյան
Լուսանկարները տրամադրել է Աննա Դավոյանը