«Մենակությունը ուժեղների համար է, մենակությունը ինքդ քո մեջից դուրս գալու և քեզ կողքից նայելու համար է։ Կա մենակություն, որը ոչ ոք չի կարող լցնել, դա քո հոգու դատարկ տարածությունն է, քո աշխարհը», — սա փոքրիկ հատված է 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մանվելյանի գրած մտքերից։
Մարիամը Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցում է սովորում։ Սիրում է գրել, ստեղծագործել։ Տանը ազատ ժամերին մտքերը թղթին հանձնելը ամենասիրելի զբաղմունքն է Մարիամի համար։ Հարցին՝ թե ի՞նչ է ուզում դառնալ, Մարիամը պատասխանում է՝ հոգեբան կամ էլ թարգմանչուհի։
«Ես կուզենայի հոգեբան դառնալ, որ կարողանայի իմ նման երեխաների ու նրանց ծնողների համար անվճար սեանսներ անցկացնել, օգնել նրանց։ Լեզուներ էլ եմ շատ սիրում, կուզենայի նաև շատ լեզուներ սովորել, թարգմանչուհի դառնալ։ Չգիտեմ հիմա, որ մեկը ընտրեմ», — ասում է Մարիամը։
Մարիամը մանկական ուղեղային կաթված ունի, դժվարությամբ է տեղաշարժվում։ Թեպետ դպրոցում ու շրջապատում սիրված է, բայց տխրելու ու նեղսրտելու առիթներ հաճախ է ունենում, օրինակ, երբ համադասարանցիների նման չի կարողանում ֆիզկուլտուրայի դասերին մասնակցել, ասում է Մարիամի մայրը՝ Լուսինե Բայունցը։
«Հենց այդ միջավայրային խնդիրներն են պատճառը, որ աղջիկս ուզում է հոգեբան դառնալ, որ իր հոգեվիճակում գտնվողներին օգնի, բայց մեծ է սերը նաև լեզուների հանդեպ։ Ես շատ կցանկանայի, որ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցկացվեին, որ երեխաս կարողանար ճիշտ ընտրություն կատարել։
Մանկական ուղեղային կաթվածի պատճառով Մարիամն ունի միայն ֆիզիկական դժվարություններ և դրա համար շատ կարևորում եմ ճիշտ մասնագիտության ընտրությունը, որովհետև դա արդեն իր ապագայի հարցն է», — ասում է մայրը։
Այս տարվանից բոլոր դպրոցներում նոր ուսումնական առարկա է ներդրվելու՝ մասնագիտական կողմնորոշում, որն արդեն հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչներով։ Համաձայն այդ չափորոշիչների, դպրոցները հրաժարվում են գործող հոսքային ուսուցումից և անցնում են անհատականացված դասացուցակի` ըստ յուրաքանչյուր աշակերտի նախասիրության և մասնագիտական կողմնորոշման: Ավագ դպրոցի բարեփոխմանը կնպաստի նաև մոդուլային ուսուցումը, որը սովորողին հնարավորություն կտա հանրակրթության ավագ աստիճանում կարճաժամկետ դասընթացների միջոցով ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում:
««Մասնագիտական կողմնորոշում» առարկան կներդրվի 7-րդ դասարանից, շաբաթական մեկ ժամով, որի ժամանակ երեխաները կտեղեկանան, թե աշխատաշուկայում ի՞նչ պահանջարկ կա, ի՞նչ մասնագիտություններ կան, ի՞նչ հետաքրքիր ու ժամանակակից մասնագիտություներ են ի հայտ եկել, որ առաջ չկային և այլն։ Բացի այդ, նաև դպրոց-համայնք փոխգործակցություն է լինելու, այցեր են կատարվելու գործարաններ, IT կենտրոններ, որ երեխաները այցելեն և տեղում տեսնեն, թե ինչ մասնագիտություններ կան և որքանով է դա իրենց հետաքրքրում։ Առարկայի միջոցով կբացահայտվի նաև, թե երեխան ի՞նչ ուժեղ կողմ ունի և հենց այդ ուղղությամբ նրա հետ աշխատանք կտարվի։ Նպատակն այն է, որ միայն ակադեմիական կրթություն չստանան, այլ նաև վաղվա օրվա կարևոր հարցը լուծեն, մասնագիտության ճիշտ ընտրություն կատարեն», — ասաց ՀՄԿ բովանդակայնին մշակումների բաժնի ղեկավար Հասմիկ Օհանյաը։
«Մասնագիտական կողմնորոշում» առարկան արդեն 2 տարի փորձնական կիրառվել է Տավուշի մարզում, հիմա այն կներդրվի հանրապետության մյուս բոլոր դպրոցներում։
Նախկինում դպրոցներում մասնագիտական կողմնորոշում չի արվել։
Ներդրվելուց առաջ ՀՄԿ-ում 2 սեմինար է անցկացվել, որին մասնակցել են ՏՄԱԿ-ների ու ՀՄԿ-ների մասնագետները, ովքեր աշխատելու են դպրոցների մանկավարժների, վարչական աշխատողների, ծնողների ու խնամակալների հետ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար առանձնահատուկ կամ առանձնացված մոտեցում չի լինելու, նշում է Հասմիկ Օհանյանը։
«Ներառական կրթությունը սահմանում է կրթություն ու հավասարություն բոլորի համար, նրանք էլ բոլորի պես են ստանալու այդ ամենը, քանի որ գործում է ամեն ինչը բոլորի համար սկզբունքը», — պարզաբանեց Հասմիկ Օհանյանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան