Արցախն ադրբեջանական, այսպես կոչված, բնապահպանների կողմից շրջափակված է արդեն 48 օր։ 120 հազար մարդ ապրում է հումանիտար խնդիրների առաջ՝ զրկված լինելով մի շարք հիմնարար իրավունքերից։ Նրանցից 9 հազարը հաշմանդամություն ունեցող անձինք են, որոնց առողջական խնդիրներին ավելացել են նաև բլոկադայից բխող խնդիրները։
Արցախն Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով հաշմանդամություն ունեցող անձիք որոշ ժամանակ զրկված են եղել դեղորայքն ընդունելու հնարավորությունից։
Արցախի Կարմիր Շուկա գյուղում ապրող Ասլանյանների 5 հոգանոց ընտանիքում երկու հաշմանդամություն ունեցող անձ կա։ «Ամուսինս 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, սկեսուրս՝ 1-ին»,-ասում է Մանյա Ասլանյանը և նշում, որ նաև 2 անչափահաս երեխա ունի։
Մանյան ասում է, որ 33-ամյա ամուսինն ու 61-ամյա սկեսուրը որոշ ժամանակ բուժում չեն կարողացել ստանալ, քանի որ դեղորայքի խնդիրներ են եղել, ինչի հետևանքով նրանց առողջական վիճակը վատթարացել է։
«Սկզբում, որ ճանապարհները փակվեցին դեղերի խնդիրներ առաջացան, ամուսինս շատ վատ վիճակում է եղել, ահագին ժամանակ պրիստուպներ ունեցավ, մի կերպ ենք յոլա գնացել այդ ընթացքում։ Շատ ահավոր վիճակ է եղել»,-ասաց Մանյա Ասլանյանը։
Մանյայի 33-ամյա ամուսինը հենաշարժողական խնդիրներ ունի։ Ձախ կողմի ձեռքն ու ոտքն անգործունակ են դարձել, հաշմանդամություն ձեռք է բերել մարտի դաշտում։
«Ձախ ձեռքն ու ձախ ոտքն ընդհանրապես չի աշխատում, թույլ է, մշտապես դեղերի ազդեցության տակ։ Երեք անգամ դեմ է խմում օրվա ընթացքում։ Յոլա ենք գնում, մի կերպ, դժվարությամբ»,-ասաց նա՝ նշելով, որ «շրջափակումը գումարվել է առկա խնդիրներին», ընտանիքը սոցալական խնդիրներ ունի։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան