Անկախ այն բանից, որ մեր օրերում հասարակությունը ունի ստեղծած կարծրատիպեր, որոնք էլ իրենց հերթին ստեղծում են բարդույթներ ցանկացած անձի մոտ՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցողների, 19-ամյա Լիանա Գասպարյանը, որը ծնունդով Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղից է, վստահեցնում է՝ հասարակության վերաբերմունքը սերտ պայմանավորված է ինքդ քո հանդեպ ունեցած վերաբերմունքով։
«Առաջին հերթին կարևոր է, ինչպես ենք ընկալում ինքներս մեզ, հետո նոր հասարակությունը, որովհետև թե ինչպես ենք մեզ ներկայացնում աշխարհին, դա ամենակարևոր կետերից մեկն է, ինչպես ներկայացնել մեր հնարավորություններն ու ներուժը, քանի որ դրանով է պայմանավորված մարդկանց կարծիքն ու մոտեցումը դեպի մեզ։»
Լիանան մանկական ուղեղային կաթված ունի, իր խոսքով՝ թե՛ գյուղի դպրոցում, թե՛ հիմա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության ֆակուլտետում, որտեղ սովորում է, չի հանդիպել խտրական վերաբերմունքի։ Բայց փոխարենը նկատում է, որ հանրապետության քաղաքներում կա մատչելիության խնդիր հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար։ Դրանք փողոցներում ու շենքերում թեքահարթակների կամ այլ հարմարեցումների բացակայությունն են, ներառյալ՝ հանրային տրանսպորտում։
«Ես ինքնուրույն՝ առանց քայլակի, կարող եմ ազատ տեղաշարժվել, բայց հաշմանդամություն ունեցող այլ անձինք կան, որոնց համար վերոնշյալ հարմարությունները անհրաժեշտ ու պարտադիր են։ Իսկ ինչ մնում է հասարակության կարծիքի ու մոտեցման մասին, ուզում եմ նշել, որ տհաճ է, երբ ցուցաբերում են խղճահարություն կամ առանձնահատուկ վերաբերմունք, որ եթե խոսեմ հենց իմ օրինակի մասին, ինձ դա դուր չի գալիս, ես համարում եմ, որ ես չունեմ դրա կարիքը ու ես ինձ մյուսների հանդեպ զգում եմ ինչպես հավասարը հավասարին, հասարակությունը ևս պետք է այս մասին մտածի»,- նշում է Լիանան։
Հարցիս, թե երբեմն պատահում է, երբ հաշմանդամություն ունեցող անձն է միտված իր հանդեպ խղճահարություն արթնացնելուն, արդյո՞ք նմանօրինակ դեպքերը հասարակության մոտ ընդհանուրի մասով կարծիք է ձևավորում, Լիանան համաձայնում է։
«Կարելի է ասել՝ կան մարդիկ, որոնք իրենց հաշմանդամություն ունենալու կարգավիճակը օգտագործում են ինչ-որ հարցերում առավելություն կամ աջակցություն ստանալու հարցում, ես չեմ մեղադրում իրենց, բայց հենց սա թերի կարծիք է կազմում մեր մասին»։
Խոսելով մասնագիտության՝ հոգեբանության մասին՝ Լիանան նշում է՝ պատահական չի ընտրել այն։
«Ես մասնագիտությունս շատ վաղուց եմ ընտրել ու, կարելի է ասել, այլ ուղղությամբ չեմ էլ մտածել։ Առաջին հերթին ինձ տեսնում եմ հենց հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքում, վստահ եմ՝ պատվով կարող եմ հաղթահարել այն։ Երբ դու գիտես ու զգացել ես այն, ինչ զգում են իրենք, ուրեմն, ավելի հեշտ կլինի աշխատել իրենց հետ։ Ինձ նաև պատկերացնում եմ որպես անհատական հոգեբան, որը կաշխատի երիտասարդների հետ՝ որպես անձի հոգեբան»։
Ինքնավստահությունն ու նպատակասլացությունը, որն ունի Լիանան, նշում է, որ այդ մասով մեծ ազդեցություն է ունեցել ընտանիքը. թե՛ քույրն ու եղբայրը, թե՛ ծնողները իրեն նայել են ինչպես հավասարը հավասարին. պատմում է Լիանան։
«Ինձ փոքրուց սովորեցրել են ոչ ոքի գալուն և օգնելուն սպասել պետք չէ, և ես կարող եմ։ Ես իմացել եմ, որ իմ առաջ դրած խնդիրը պետք է լուծեմ, այսինքն՝ ինչպիսին հիմա ես կամ, ընտանիքիս ազդեցությունը շատ մեծ է»։
Չնայած իր նպատակասլացությանը՝ Լիանան դպրոցական հասակում երկու ամիս դասերից բացակայել է, կրթվելն իր համար միշտ է կարևոր եղել, բայց ինքը ևս ունի բարդույթներ։ Բանն այն է, որ վիրահատություն է ունեցել, որից հետո պետք է որոշ ժամանակ տեղաշարժվեր քայլակով, բայց նա որոշել է սպասել կազդուրվելուն ու երկու ամիս տանը զբաղվել է ինքնակրթությամբ։
«Անկախ նրանից, որ շրջապատս, համադասարանցիներս ու ուսուցիչներս շատ լավն էին, ես որոշեցի երկու ամիս մնալ տանը միայն կոմպլեքսներիս պատճառով, ես հասկանում էի, որ քայլակով տեղաշարժվելու մեջ վատ բան չկա, բայց դա ինձ կոմպլեքսավորեց։ Հիմա հետ նայելով՝ մյուսներին խորհուրդ եմ տալիս լինել ավելի ուժեղ, քան սեփական կոմպլեքսներն են։ Այս ուղղությամբ ես էլ մինչ օրս աշխատում եմ»:
Հարցազրույցն եզրափակելով՝ Լիանան նշում է, որ անհրաժեշտ է միշտ ունենալ նպատակներ ու ընդառաջ գնալ դրանց, անկախ նրանից, թե ինչքան անհասանելի են թվում դրանք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան