Գործադիրը կառավարության հերթական նիստի ժամանակ հավանության արժանացրեց Առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը։
Առողջապահական համակարգի հիմնախնդիրները ուսումնասիրելու, դրանք վեր հանելու համար երկար աշխատանք է տարվել՝ ասաց ռազմավարությունը ներկայացնող Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ և կյանքի որակի բարելավում։ Սրանք կարևոր հայեցակարգային փոփոխություններ են և մեր կարծիքով օգնելու են, որ մեր առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն դեպի այն խնդիրները, որ արդեն վրա են հասել, այլ որ ծնված օրվանից հոգ տանենք մարդու առողջության պահպանման մասին», — ներկայացնելով ռազմավարությունը, ասաց նախարարը։
Նրա խոսքով առաջին անգամ Հայաստանում ռազմավարական մակարդակի վրա ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին, սակայն նախարարը չնշեց, որ ռազմավարության մեջ և ոչ մի բառ չկա հաշմանդամություն ունեցող անձանց մասին։
«Ռազմավարության մեջ որևէ կերպ ներկայացված չէր, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ հաշմանդամություն ունեցող անձինք հաշմանդամություն չունեցողների հետ հավասար կարողնան իրացնել իրենց առողջապահական իրավունքներն ու օգտվել բոլոր ծառայություններից», — ասում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը։
Կոալիցիան մի շարք առաջարկներ էր ներկայացրել նախագիծը e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացնելուց հետո, սակայն առաջարկները հաշվի չեն առնվել՝ պատճառաբանությամբ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն իսկ գործում են որոշ արտոնություններ։
«Նախ խոսքը բնավ արտոնությունների մասին չէ։ Նախ բոլորս էլ գիտենք, որ այդ արտոնությունները իրականում վատ որակի են և ովքեր օգտվում են անվճար դեղերից, իրենք էլ գոհ չեն։ Բացի այդ, կարող են տարբեր փաթեթներ գնային առումով հասանելի լինել, բայց դա չի նշանակում, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դրանցից օգտվել։ Մենք առաջարկություններ էինք ներկայացրել, դրանցից 2-ը կառանձնացնեմ՝ նախ առաջարկել էինք, որ առանձին անդրադառնան նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին և երկրորդ, որ նախագիծը քննարկվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և ՀԿ-ների հետ, սակայն պատասխան էինք ստացել, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն իսկ սահմանված են որոշ արտոնություններ, իսկ նախագիծը հանրային քննարկման է դրված եղել e-draft համակարգում։ Պետք է հանրային քննարկում լիներ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ, միայն e-draft-ում տեղադրելը արդյունավետ չէ, քանի որ հաշմանդամություն ունեցող անձինք ու կազմակեպությունները միշտ չէ, որ օգտագործում են այդ գործիքները և ստացվում է, որ իրենց ձայնը լսելի չի լինում», — ընդգծում է Մուշեղ Հովսեփյանը։
Որ e-draft-ով հանրային քննարկում իրականացնելը չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին, վերջերս նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն էին նշել անգործունակ ճանաչված անձանց ամլացման նախագծի վերաբերյալ Կառավարությանն ուղղված նամակում։
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հաշմանդմաություն ունեցող անձանց խնդիրները տարատեսակ են և առանձնահատուկ հաշմանդամության բոլոր խմբերի համար՝ սկսած մատչելիությունից, թե ինչպես է հաշմանդամություն ունեցող անձը կարողանում օգտվել բժշկական կենտրոններից, զանգել շտապօգնության ծառայություն, երբ լսողության խնդիր ունի կամ կարողանու՞մ է ստանալ նախարարության զգուշացումները, որոշակի հիվանդությունների վերաբերյալ իրազեկող նյութերը, վերջացրած նրանով, թե ինչքանո՞վ են առողջապահական ծառայությունները արդյունավետ ու ներառական։
«Առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է ամենակարևոր անկյունաքարը այս ռազմավարության մեջ», — կառավարության նիստի ժամանակ առանձնահատուկ ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սա այն պարագայում, երբ հաշմանդամություն ունեցող անձինք մատնանշում են բազմաթիվ խնդիրներ կապված պոլիկլինիկաների անմատչելիության հետ։ Երբ միջավայրն անմատչելի է ոչ մի ծառայություն, լավ կամ վատ, հասանելի չի դառնում։
Ընդամենը փոքրիկ հարցում անցկացրեցինք համացանցում, հարցնելով թե ի՞նչ դժգոհություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք պոլիկլինիկաների անմատչելիության վերաբերյալ և բազմաթիվ ու բազմաբնույթ պատասխաններ ստացանք։
Եթե անգամ մուտքի մոտ հարմարեցված թեքահարթակ կա, ապա պոլիկլինիկաների ներսում տեղաշարժվելը լուրջ խնդիր է՝ թեքահարթակների ու վերելակների բացակայությունից, մուտքի անհարմար դռներից, ներսում ուղեկցողների ու ժեստերի լեզվի թարգմանիչների բացակայությունից մինչև սենյակների դռների մոտ փակցված մանր տառերով գրությունների, անհարմար գինեկոլոգիական սարքավորումներ ու բուժանձնակազմի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու էթիկայի բացակայություն։ ԵՎ այս ամենին զուգահեռ իրականության մեջ խոսվում է առողջապահական ոլորտի բարելավման մասին՝ մեկ բառ անգամ չհիշատակելով վերը նշված խնդիրները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան