«Ես բացառություն չեմ, իմ կյանքն էլ բացառություն չէ։ Իմ առջև դրեցի նպատակ եւ առաջ շարժվեցի, անկախ նրանից, թե ինչն էր դժվար, ինչն էր հեշտ, մարդիկ ինչ վերաբերմունք կունենան: Ամեն դեպքում, կար նպատակ ու փորձեցի հասնել իմ նպատակին»,-coalition-ի հետ զրույցում ասում է 25-ամյա Գոռ Ասատրյանը։
Նա հաշմանդամություն ունի արդեն 25 տարի։ Տեղաշարժվում է քայլակով։
Գոռ Ասատրյանը միջնակարգ կրթությունը ստացել է Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ Անկեղծանում է՝ ոչ աշակերտների, ոչ էլ ուսուցիչների կողմից երբևիցե չի ենթարկվել խտրական վերաբերմունքի։ Գոռը դպրոցում ուսանել է այն տարիներին, երբ Հայաստանում համընդհանուր ներառական կրթական ծրագրի ներդրման գաղափար անգամ չկար։
Ասում է, որ նաև ուսումնական գործընթացի ժամանակ չի եղել խտրականություն իր նկատմամբ։ «Դա հնարավորություն է տվել ազատ մտածելու։ Ինքս ինձ սահմանափակ հնարավորություններով անձ չեմ դիտարկել»,-ընդգծում է նա։
Գոռը նաև ասում է, որ դպրոցական այդ միջավայրը հնարավորություն է տվել միմյանց նկատմամբ լինել «հավասարը՝ հավասարի պես»։
«Խնդիրներն ինձ համար առանձնահատուկ ու տարբեր չեն, ավելի հեշտ է խոսել հաջողություններից։ Որոշակի հաջողություններ գրանցել եմ։ Մարդիկ ինձ ընդունեցին այնպես, ինչպիսին կայի։ Չնկատեցին իմ առանձնահատկությունը, որովհետեւ չէին նկատել իմ հաշմանդամությունը, թեպետ իմ հաշմանդամությունը նկատելի է»,-ասում է Գոռը։
Գոռ Ասատրյանը ներկայում ապրում է Երևանում։ Սովորում է Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ապագա հոգեբան է։ Նա միաժամանակ աշխատում է Երևանի զարգացման վերականգնողական կենտրոններից մեկում՝ որպես հոգեբան։
Գոռը նաև կարեւոր միտք է նշում։ «Եթե ի ծնե ունեցել ես խնդիր, կամ յուրահատկություն, դու չես նկատում այն անհարմարությունները, որոնք նկատում են ուրիշները»,-ասում է նա։
Որպես հենաշարժական խնդիրներ ունեցող անձ՝ Գոռը մատնանշում է Հայաստանում միջավայրի անհարմարությունը։
«Միջավայրի անհարմարություններ կան և նախկինում, և ներկայում։ Այլ իրավունքների խախտան դեպքերի չեմ հանդիպել»,-ասում է նա։
Ինչպես պատմում է նա, բուհ, աշխատանքի ընդունվելն իր համար ավելի հեշտ է եղել, քան ամեն անգամ բուհ կամ աշխատավայր հասնելը․ «Կա տրանսպորտի բարդություն, շենքային պայմանների և միջավայրի անհարմարություն»։
Գոռի խոսքով՝ ՀՀ 2010 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումը դրական փոփոխություններ է խոստանում, սակայն միջազգայնորեն ստանձնած այդ պարտավորվածություններն իրականացնելու համար հարկավոր են համապատասխան մեխանիզմներ։
«Բացի այդ, պարտավորություններն իրականացնելուց հետո պետք է լինել հետևողական։ Ես ուզում եմ, որ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմաններ եւ միջավայր լինեն, այլև այն մարդկանց համար, որոնք չունեն հաշմանդամություն։ Մենք ունենք համընդհանուր ներառական կրթության գաղափար, միտք, օրենք, բայց մեր ազգամշակութային առանձնահատկությունները դեռ այնքան էլ արդյունավետ չեն գործում, կարծում եմ։ Սակայն դա ժամանակի խնդիր է»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան
Լուսանկարները՝ Գ․Ասատրյանի ֆեյսբուքյան էջից