«Երեխայի մեծանալուն զուգահեռ լարվածությունը մեծանում է, անքնություն ու մկանային ցավեր ունի հիմա, չի կարողանում շարժվել, քնել։ Վերջին 10 օրը ո՛չ քնել ենք ու ո՛չ էլ գիտենք դա ինչ է։ Բուժվելու դեպքում գոնե ցավեր չի ունենում», — ամբողջ հոգսն ու մտածմունքը դեմքին դաջված պատմում է 11-ամյա տղայի մայրը՝ Կարինե Դալլաքյանը ու շարունակում՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ երեխաներին տարին 12 ամիս խնամք ու ֆիզիոթերապիա է պետք, հակառակ դեպքում գրանցած արդյունքն էլ կորելու է։
Ծնողների դժգոհությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին հատկացվող պետպատվերի քանակի կրճատմամբ է պայմանավորված։ Դեռ նախորդ տարի ծնողները բողոքի ակցիա իրականացրեցին Առողջապահության նախարարության դիմաց, պահանջելով վերականգնել պետպատվերի նախկին քանակը՝ տարեկան 3-4 անգամ, նշելով, որ այցերի կրճատումը վատ հետևանքների կհանգեցնի։ Հիմա ծնողները «քաղում են» այդ հետևանքները։
«Պատերազմից հետո կրճատվեց մտածում էինք, որ զինվորների համար է, նրանք ևս ունեն ֆիզիոթերապիայի կարիք, բայց հետո հասկացանք, որ ուղղակի կրճատել են։ Հիմա տարեկան 2 պետպատվեր է նախատեսված, յուրաքանչյուրը 18-20 այց, բայց դա էլ նորմալ չենք հասցնում ստանալ, երեխաների քանակը շատ է, մինչև հերթը հասնում է 6 ամիսը մեկ՝ տարին ավարտվում է ու տարիներով գրանցած մեր հաջոությունները ուղղակի ջուրն է լցվում», — ասում է Կարինեն։
Սեփական միջոցներով երեխաներին ֆիզիոթերապիայի տանել պարզապես իվիճակի չեն, Ֆիզիոթրապիայի նվազագույն արժեքը 5000 դրամ է՝ 30-40 րոպեի համար, հույսները դնում են ՀԿ-ների վրա։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Պետպատվերի կրճատման հետևանքներից է խոսում նաև 15-ամյա մյուս տղայի մայրը՝ Նունե Հովհաննիսյանը։ Պատմում է, որ տղային 2 տարեկանից տարել է վերականգնողական կենտրոն, ինչի արդյունքում որդին սկսել է քայլել, առաջընթացը նկատելի է եղել, հիմա ամեն ինչ ջուրն է լցվում։
«Տարվա մեջ տանում էի 4 անգամ, լավ էր վիճակը, նույնիսկ սպորտով էր զբաղվում։ Կրճատելուց հետո երեխու ջիլը նորից ձգվում է, ինքը բոյովանում է, ջիլը չի հասցնում իր հետ աճել ու երկարել, քանի որ բուժումը չի ստանում։ Նույն արդյունքին ենք հետ գնում», — պատմում է մայրը, դժգոհելով նաև մեծ հերթերից։ Երեխայի հերթը շատ ուշ է հասնում։ Բողոքի ակցիաներ, ստորագրահավաք ու դիմումներ նախարարությանը բազմիցս եղել են, բայց՝ անարդյունք, ասում է։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Աննա Խաչատրյանն էլ վերջին անգամ որդուն՝ 10-ամյա Նարեկին, ում մոտ մանկական ուղեղային կաթված է ախտորոշվել, նախորդ տարի Կոշի վերականգնողական կենտրոն է տարել։ Դրանից հետո երեխան դեռ ոչ մի այլ վերականգնողական կենտրոն չի հաճախել։
«Ես Աշտարակում եմ ապրում, վարձով ու չեմ կարող իրան գումարով տանել։ Օրինակ Կոշում ամսական 340 000 դրամ է բուժումը, որ ներառում է լող, լոգոպեդ, հոգեբան և այլն։ Որ զանգում ենք անվճար հերթագրվելու, 6 ամիս հետո հազիվ կանչում են», — պատմում է տիկին Աննան։
Բաց թողած բուժումների հետևանքով Նարեկի մոտ ագրեսիվություն է նկատվում, շուտ է հուզվում, նյարդայնանում։ Բացասական հետևանքն, ասում է, ակնհայտ է։ Նույնիսկ բժիշկն է ասել․
«Բժիշկն ասեց ոտքի ձգվածությունը շատ է ու կարող է վիրահատություն նշանակի, իսկ եթե նորմալ բուժումները ստանար 18 տարեկանում միայն մեկ վիրահատություն կանեինք», — անճարությունից հուսալքված ասում է մայրը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Ինչու՞ է կրճատվել պետպատվերի քանակը։ Հարցին Առողջապահության նախարարությունից խոստացան պատասխանել գրավոր։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան