Հերթական խոստացված, բայց այդպես էլ կյանքի չկոչված բարեփոխումը։ Հայաստանը, նաև միջազգային ստանձնած պարտավորություններով, պետք է վերացներ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու համակարգը՝ այն փոխարինելով որոշումների կայացման աջակցության համակարգով։ ՀՀ կառավարությունը այս տարի ոչ միայն չի ընդունել, այլև այս անգամ նախագիծը չի էլ ներառել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծում։ Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները այս առնչությամբ խիստ մտահոգված են, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանը։
«Սա մարդու իրավունքների խախտում է, քանի որ հաշմանդամություն ունեցող ցանկացած անձ ունի գործունակության իրավունք: Անգործունակ ճանաչվելով մարդիկ զրկվում են մի շարք հիմնարար իրավունքներից, օրինակ՝ զրկվում են աշխատելու, քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու, ընտրելու, ընտրվելու և մի շարք այլ իրավունքներից և նրանց փոխարեն այդ որոշումները կայացնում են խնամակալները։ Մենք ներկայացրել էինք առաջարկության նախագիծ, որով պետք է անգործունակ ճանաչելու համակարգը փոխարինվեր աջակցման մեխանիզմով, ի՞նչ է սա նշանակում, որ երբ անձը ունի այդ բոլոր իրավունքները իրացնելու հնարավորություն, պարզապես եթե այդ որոշումները կայացնելու համար կարիք ունի աջակցության, նրան տրվի այդ աջակցությունը, օրինակ իրեն համապատասխան մատչելի տարբերակով տրվի տեղեկատվություն և նա ինքնուրույն կայացնի որոշում», — ասաց Մարիետան։
Կազմակերպությունները կրկին դիմելու են կառավարությանը՝ նույն պահանջով, բայց սա առաջին տարին է, որ գործողությունների ծրագրում այն չի էլ ընդգրկվել, ընդ որում առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության։
Անգործունակության ճանաչման ամեն դեպքն է խնդրահարույց, ասում է հոգեկան առողջության հավասարության իրավունքի մասնագետ Անահիտ Չիլինգարյանը, որ աշխատանքի բերումով պարբերաբար ականատես է լինում խնդրահարույց դեպքերի։
«Գիտեմ դեպքեր, երբ սահմանային է եղել, օրինակ՝ անձն ունի մտավոր որոշակի խնդիրներ, ունի աջակցության կարիք, բայց խնդրահարույց է նրան թե՛ անգործունակ ճանաչելը, թե՛ չճանաչելը։ Ինչու՞, որովհետև եթե ճանաչեն, մարդը զրկվում է իր իրավունքներից, եթե չճանաչեն՝ մարդու խնդիրը օդում կախված է մնում, կրկին իրավունքի իրացման խնդիր է ունենում՝ չկարողանալով տնօրինել՝ ասենք սեփական թոշակը կամ գույքը, քանի որ օրենքը թույլ չի տալիս», — ասում է Անահիտ Չիլինգարյանը։
Անահիտ Չիլինգարյանը նաև նշում է կոռուպցիոն ռիսկը, երբ օրինակ մարդու գույքը կամ ունեցվածքը տնօրինելու նպատակով անձի հարազատը կարող է դիմել դատարան ու խնամակալ ճանաչվելով տնօրինել դրանք։
«Չարաշահումների ռիսկը բարձր է, իսկ վերահսկողության մեխանիզմ չկա, պետական մարմինների վերահսկողությունը շատ քիչ է։ Անգործունակ ճանաչվելով՝ վերահսկողությունը ավարտվում է», — ընդգծում է մասնագետը։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ճանաչում է բոլորի գործունակության իրավունքն անկախ հաշմանդամությունից։ Այն նաև պարտավորեցնում է պետություններին ապահովել, որ որևէ մեկը չզրկվի գործունակությունից կամ գործունակությունը չսահմանափակվի հաշմանդամության հիմքով: Հայաստանը ևս ունի ստանձնած պարտավորություններ, սակայն առայժմ այդ պարտավորությունները չի իրականացնում։ 2017թ-ին էլ ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Կոմիտեն լսելով Հայաստանին իր եզրափակիչ դիտարկումներում արձանագրել և խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում գործում է անգործունակ ճանաչելու համակարգը։ Կոնիտեն կարևոր է համարել այն որոշումների կայացման համակարգով փոխարինումը։
«Քանի որ մենք վավերացրել ենք կամընտիր արձանագրությունը, կարող ենք այս հարցով Կոմիտեին դիմել՝ վերականգնելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Առայժմ, սակայն, կբավարարվենք կրկին նախագիծ ներկայացնելով՝ չբացառելով հետագայում նաև այդ հնարավորությունից օգտվելը», — նշեց Մարիետան։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան