«Ներառական կրթության ոլորտում հաշմանդամություն ունեցող երեխաները անտեսված են, ոտնահարված է նրանց կրթության իրավունքը», — ասում է Լոռու մարզի Ալավերդի համայնքում գործող «Բարության մոլորակ» հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողական ՀԿ հիմնադիր Ջուլիետա Նակաշյանը՝ հիմքում ունենալով բազմաթիվ օրինակներ, երբ իրենց համայնքում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը ոտնահարվել է ու ոտնահարվել է հենց մանկավարժների ձեռամբ։
Ջուլիետան ինքն էլ 2 որդի ունի, երկուսն էլ հաշմանդամություն ունեն և երբ ինքն էր երեխաներին դպրոց տանում, հիշում է, թե ինչպես էին շատ ծնողներ դժգոհել, թե իրենց երեխաներին այդ դպրոց չեն տանի, եթե իր երեխաները ընդունվեն։
«Ես հսկայական աշխատանք եմ տարել թե՛ ծնողների հետ, թե՛ տնօրենի ու ուսուցիչների հետ, տնօրենից էլ պահանջել եմ, որ աշակերտների հետ աշխատի, նրանց սովորեցնի, որ իմ երեխաները իրենց հավասար են։ Ես տիրապետում էի իմ իրավունքներին և կարողացա հասնել նրան, որ այսօր մեր դպրոցում թե՛ իմ, թե՛ մյուս հաշմանդամություն ունեցող երեխաներին շատ լավ ենվերաբերվում, բայց ցավոք շատ ծնողներ չգիտեն իրենց իրավունքները կամ պարզապես հետամուտ չեն լինում», — ասում է Ջուլիետան ու հենց սա համարում հիմնական պատճառներից մեկը, որ այսօր շատ դպրոցներում երեխաների իրավունքները ոտնահարվում են։
ՀԿ-ում 30-ից ավելի շահառուներ կան, ում երեխաները դպրոց են հաճախում ու ամենատարբեր խնդիրների են հանդիպում։ Օրինակ, 13 տարեկան երեխայի ծնողը գյուղական դժվար ճանապարհով երեխային բերում, դպրոց է հասցնում, իսկ ուսուցիչը նրան նստացնում է մի անկյունում և որ ամենավատն է, ծնողին ասում է․ «Մեկա բան չի հասկանում, ինչու՞ ես դպրոց բերում»:
«Այդ ծնողը իր երեխայի համար տնային ուսուցում է խնդրել, դա էլ չեն ապահովել։ Ուսուցիչը ամիսը մեկ զանգում է չխոսացող երեխային, չգիտեմ ինչա խոսում ու համարումա, թե իբր դաս է անում։ Ծնողը դպրոցից չի հանել երեխային առանց հասկանալու, որ դրա համար ուսուցիչը վարձատրվում է։ Դա էլ է չիմացության հետևանք», — ասում է Ջուլիետան։ Նման դեպքերը բազմաթիվ են։
Մանրամասները՝ ձայնագրությունում
Մեկ այլ ծնող, անանուն մնալու պայմանով նշեց, որ իր երեխան աուտիզմ ունի և նրա համար տնային ուսուցում է կազմակերպվել։ Ցույց է տալիս դասացուցակը, որտեղ նշված է, որ մանկավարժները պետք է երեխայի հետ 45ր պարապեն, մինչդեռ տուն եկած մանկավարժները 10ր են ընդամենը պարապում ու հեռանում են։
«Որ ասում ենք ինչու՞ եք այդքան քիչ մնում, երկար մնացեք, ասում են երեխան չի կարող այդքան, չի նստում, մենք էլ չենք պարապում», — պատմում է ծնողը ու արձանագրում, որ տնօրենի վերաբերմունքն ավելի վատ է՝ ասել է «Չե՞ք ուզում, էդ էլ չեն պարապի»։ Ծնողը դպրոցի անունը հրապարակել առայժմ չցանկացավ, ասաց փորձելու է խնդիրը կարգավորել, եթե չստացվի նաև դպրոցի անունը կհրապարակի։
Իրավիճակը նույնն է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 2 տղաների մայրը, կրկին անանուն մնալու պայմանով նշեց, որ իր որդիները 16 և 17 տարեկան, հաճախում են Ալավերդու արհեստագործական ուսումնարան ու որ այնտեղ ոչ միայն նորմալ կրթություն չեն տալիս, այլև փորձում են ծնողին թևաթափ անել։
«Ուսումնարանում չկա մանկավարժի օգնական, չկա հոգեբան։Նախարարություն եմ զանգել, ասել են չենք կարող տրամադրել, որովհետև այդքան ֆինանսավորում չկա։ Ինձ ասում են իրենք վերապատրաստում են անցել, բայց նրանց պահվացքից ու վարքից երևում է, որ չեն անցել։ Իհարկե խոսքը ոչ բոլորի մասին է», — ասում է ծնողը։
Նա դժգոհում է, որ չկա անհատական մոտեցում, չկա սրտացավ վերաբերմունք։ Ուսումնարանում 6 հաշմանդամություն ունեցող երեխա է սովորում։ Բոլորի նկատմամբ վերաբերմունքը նույնն է․
«Մի քանի անգամ ժողով են արել, տնօրենն ասելա, եթե ուղղակի դիպլոմ եք ուզում, եկեք տարեք թող դպրոցում սովորի։ Ինձ ասում են հանեմ երեխքեիս, հակառակ դեպքում եթե էլի անկառավարելի վարք դրսևորեն էս կանենք, էն կանենք։ Ոնց որ օգնելու փոխարեն ծնողի թևերը կոտրեն», — պատմում է ծնողը, որ ջանք չի գործադրում, որ որդիները վաղվա օրվա հացի փող ա
Աշխատելու համար գոնե մի մասնագիտություն ձեռք բերեն։ Ավագ որդին, ասում է, հրաշալի նկարում է, տաղանդ ունի, բայց նման վերաբերմունքը շատ է խանգարում։
Coalition.am-ը նաև մայրաքաղաքի դպրոցներում սովորող երեխաների ծնողների հետ զրուցեց։ Թեպետ Երևանում իրավիճակը փոքր-ինչ այլ է, բայց կրկին վատ վերաբերմունք ցուցաբերող մանկավարժներ ու անգամ տնօրեններ կան։ Օրինակ, ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Տարաս Շևչենկոյի անվան դպրոցի տնօրենը բոլորի ներկայությամբ իր երեխային անվանում է աուտիկ ու վիրավորում աշակերտների ներկայությամբ։ Էլ ի՞նչ սպասել մանկավարժից կամ աշակերտից։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան