«Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների ամենամեծ խնդիրը աշխատանքն է։ Ծնողները ողջ օրը զբաղվում են երեխայի խնամքով՝ չկարողանալով աշխատանք գտնել։ Մինչդեռ աշխատանքի ու գումարի կարիք շատ ունեն։ Աուտիզմ ունեցող երեխաները ունեն տարբեր մասնագետների հետ աշխատելու, վերականգնողական կենտրոններ հաճախելու կարիք ու եթե անգամ պետպատվերով սպասարկվող վերականգնողական կենտրոն են գնում, միևնույնն է՝ տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու համար գումարի անհրաժեշտություն է լինում», — ասում է մեր զրուցակիցը, ում որդու մոտ 2 տարի առաջ աուտիզմի նշաններ ի հայտ եկան։ Մեր զրուցակիցը նախընտրեց չհրապարակել իր անունը։
Աշխատանք գտնելու դժվարության մասին աուտիզմ ունեցող երեխաների ծնողները պարբերաբար ու տարբեր առիթներով բարձրաձայնում են։ Աշխատել կարող են օրվա մեջ ավելին, քան 3 ժամ, երբ երեխան, օրինակ, վերականգնողական կենտրոնում է։ Իրինա Հարությունյանը, ծանոթանալով նշված խնդիրներին, որոշեց աշխատելու հնարավորություն ստեղծել հենց նրանց համար։ Իրինա Մարտիրոսյանը սոցիալական ձեռնարկատիրությամբ որոշեց զբաղվել։ Սոցիալական ձեռնարկատիրության հիմքում սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական շահն է դրված և ոչ թե բիզնես շահը։ Այս պարագայում շահույթի մեծ մասը հատկացվում է սոցիալական որևէ խնդրի լուծմանը։
Իրինա Մարտիրոսյանը որոշել է սննդի արտադրություն հիմնել, բիզնես ծրագիրն արդեն պատրաստ է հիմա աշխատակիցների հավաքագրմամբ է զբաղվում։
«Իմ հիմնած արտադրության շահառուները աուտիզմ ունեցող երեխաների ծնողներն են, իրենք են աշխատելու և ստացված եկամտից որոշ մաս հատկացվելու է երեխաների համար որևէ գլոբալ խնդրի լուծմանը, ասենք կենտրոն կբացենք աուտիզմ ունեցող երեխաների համար», — ասում է Իրինա Մարտիրոսյանը։
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, դիմողներ շատ են եղել, հիմա ընտրության փուլում են։ Մի մասին տարածքը հարմար չէ, մյուսին՝ ոլորտը հարազատ չէ, բայց կան ծնողներ, ովքեր կանցնեն աշխատանքի։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն բան անել, որ մայրերը կարողանան աշխատել։ Եթե օրական 3 ժամ ազատ ժամանակ ունեն, 3 ժամ կաշխատեն։ Պատրաստ ենք շատ հարցերում ընդառաջել, աջակցել, որ աշխատանք ունենան մայրերը և սոցիալական որևէ խնդիր լուծենք», — նշեց Իրինան։
Արտադրամասը իր գործունեությունը կսկսի առաջիկայում, երբ արդեն աշխատակիցներն էլ պատրաստ կլինեն աշխատանքի, իսկ ծնողները լիահույս են, որ նման մոտեցումը կդառնա վարակիչ օրինակ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան