Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ «Ագաթ» ՀԿ-ն և «Ագաթ» «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի կողմից Գյումրու համայնքապետարանին հանձնվեց քաղաքականության փաստաթուղթ` ուղղված Հայաստանի Կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և միջազգային կազմակերպություններին` նպաստելու անկախ կյանքի փիլիսոփայությանը համահունչ անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը և արդյունավետ գործունեությանը։ Նշենք, որ փաստաթուղթը մշակվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում կազմակերպված ազգային ֆորումին մասնակցած հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և նրանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անհատների կողմից:
«Մենք մշակել ենք քաղաքականության փաստաթուղթ, որը միայն մեկ ուղղություն ունի՝ ստեղծել հավասար հնարավորություններ։ Երևի տեղյակ եք, որ մենք ստեղծել ենք «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնը և տարեկան շուրջ 200 հաշմանդամություն ունեցող անձանց ու ընտանքի անդամներին տարբեր ծառայություններ ենք մատուցում»,-նշեց «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը։
Գյումրու համայնքապետի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի խոսքով՝ իրենք ևս հետևողական են, որ Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց համար լիարժեք պայմաններ ստեղծվեն։
«Նշեմ, որ պլանավորված է 2023 թվականին Շիրակի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցնել ներառական կրթություն, և մենք ունենք համապատասխան հատուկ մանկավարժի կարիք, որը նաև մեր բյուջեից որոշակի գումար է պահանջելու, ու մենք այս խնդրի լուծման համար արդեն բյուջեից գումար ենք նախատեսում»,- նշեց Հայկ Սուլթանյանը։
2021 թվականի մայիսին Ազգային Ժողովը ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար անկախ կյանք և պարտավորվում է ապահովել անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմաններ։
«Չնայած վերոնշյալին՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են մի շարք խնդիրների՝ սկսած թեքահարթակների բացակայությունից ու թերի լինելուց մինչև խտրական վերաբերմունք»,- նշեց «Ագաթ» «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի փոխօգնության և մենթորության համակարգող Քրիստինե Կիրակոսյանը։
«Շենքային անմատչելիությունը խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալուց մինչև այլ հաստատություններ այցելել, օրինակ՝ առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր կամ պետական կառույցներ»,-նշեց «Ագաթ» «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի փոխօգնության և մենթորության համակարգող Քրիստինե Կիրակոսյանը:
Ներկայացվեցին նաև մանրամասներ «Ագաթ» «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի գործունեության մասին։
«Անկախ կյանքի փիլիսոփայությունն իրենից չի ներկայացնում այն, որ հաշմանդամություն ունեցող անձը միայնակ ապրի, այլ հակառակը՝ ապրելով ընտանիքիդ հետ՝ որոշում կայացնողներից մեկն էլ հենց դու ես »,- նշեց «Ագաթ» «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի փոխօգնության և մենթորության համակարգող Քրիստինե Կիրակոսյանը։
«Ագաթ» «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի համակարգող Հեղինե Գասպարյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության այս 2 տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար ահռելի աշխատանք է կատարվել։
«Մեր գործունեության ընթացքում մոտավորապես 1700-ից ավելի ծառայություն է մատուցվել շուրջ 700 շահառուի, այսինքն՝ մենք հզորացնում ենք ու օգնում հաշմանդամություն ունեցող անձին ներառվել միջավայրին ու մասնակցություն ունենալ համայնքային կյանքին»,-նշեց Հեղինեն։
«Ես կարող եմ առաջնորդել իմ համայնքում», «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, հաշմանդամություն ունեցող անձանց համար», «Դեպի անկախ կյանք», «Անկախ կյանքը իրավունք է, ոչ թե արտոնություն». այս կարգախոսներով ու պաստառներով հանդիպումից հետո հաշմանդամություն ունեցող անձինք իրականացրին միջազգային օրվա մասին իրազեկող երթ դեպի Շիրակի մարզպետարան, որտեղ փաստաթուղթը տրամադրվեց նաև մարզպետարանին։ Նշենք, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 194,640 հաշմանդամություն ունեցող անձ:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան