2021 թվականին ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը (տես այստեղ) հիանալի հնարավորություն էր խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների նոր հասկացությունների ներդրման մասին, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը փոխարինելու եկավ սոցիալական պաշտպանության մասին օրենքին, ինչը իրենից արդեն ենթադրում էր, որ առավել շատ է խոսվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին:
Հայաստանը վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին կոնվենցիան՝ պարտավորություն էր ստանձնել կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասարությունն ստեղծելու, համայնքային կյանքի ներգրավվելուն, նշում է հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Հայկ Մկրտչյանը:
Զրուցակցիս խոսքով, օրենսդրական դաշտը ենթադրում էր, որ օրենքի ընդունումից հետո որպես ծառայություն պետք է ներդրվեր նաև անձնական օգնականի ծառայությունը, ստեղծվեր ենթաօրենսդրական ակտ, և սահմանվեր, թե ովքե՞ր կարող են ունենալ անձնական օգնական, ի՞նչ գործառույթներ կարող է ունենալ անձնական օգնականը, և ի՞նչպես է կարգավորվում վերջինիս գործունեությունը». Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Հայկ Մկրտչյանը մանրամասնում է, ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ անձնական օգնականի մասին պատկերացումները խիստ հակասական են, անհրաժեշտությունն ու գործառույթները ՝ քննարկելի:
«Անձնական օգնականի ծառայության հետ առնչվող կառավարության որոշման ընդունումից հետո, ստացվեց մի իրավիճակ, որ անձնական օգնականի ծառայությունը այնքան էլ ընդունելի չէր մի մասի կողմից, որովհետեւ հասկացությունը մեկնաբանվում էր տարբեր կերպ, անձնական օգնականը կապվում էր մարդու սոցիալական վիճակի հետ, կամ կախված էր անձի ֆունկցիոնալության սահմանափակման ծանրության հետ, սակայն կա հստակ սահմանում, այն է՝ անձնական օգնականը ֆիզիկական անձ է, որն օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և աջակցում է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը հաղթահարի միջավայրային արգելքները, որոշում կայացնելուց որոշակի աջակցություն ստանա»:
Այս փուլում, անհրաժեշտություն առաջացավ ի վերջո քննարկումների միջոցով առանձնացնել կարծիքները, ուսումնասիրել դրանք, արդյունքում անձնական օգնականի մոդելի մասին ամբողջական պատկերացում կազմելու ու վերջինիս վերապատրաստման բաղադրիչները մշակելու համար, որն էլ իր հերթին կմտներ օրենքի դաշտ, Հայաստանում նոր կայացող այս ինստիտուտը մասնավորից պետական վերահսկողության ու գործունեության տիրույթ բերելու համար:
««Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն` Հարբժշկական մասնագետների Հայկական Ասոցիացիայի փորձագիտական աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ իրականացնում է «Անձնական օգնական․ վերապատրաստման մոդուլներ» ծրագիրը։ Նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկել անձնական օգնականի ծառայության մասին և թիրախային հանդիպում-քննարկումների ու միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակել անձնական օգնականի վերապատրաստման թեմաների ձեռնարկը(մոդուլը) և ներկայացնել այդ վերապատրաստման դասընթացի մոդուլը»:
Թիրախային հանդիպումները կազմակերպվեցին Երևանում ու մարզերում, դրանց մասնակցեցին ինչպես տարբեր հաշմանդամություններ ունեցող անձինք, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներ, ծնողներ: Քննարկումները մասնագետներին տվեցին հնարավորություն ծանոթանալու անձնական օգնականի մասին ձևավորված բազմաթիվ սխալ, կամ կարծրատիպային մոտեցումների ու կարծքիների: Ըստ Հայկ Մկրտչյանի շատ դեպքերում անձնական օգնականի գոյությունը հիմնականում կապվում էր մարդու սոցիալական վիճակի հետ, ինչին դեմ էին թե’ հաշմանդամություն ունեցող անձինք, և թե’ ոլորտային փորձագետները:
«Մենք մշակեցինք թեմաներ, թե ինչ հարցերի շուրջ պիտի անձնական օգնականը վերապատրաստվի: Թեմաները ներկայացվել են համապատասխան մարմիններին, դրանք վերաբերում են թե՛ օրենքին, թե՛ հմտությունների անհրաժեշտ շարքին, օրինակ՝ ինչ հմտություն պիտի ունենա անձնական օգնականը, եթե աշխատում է բարդ հաշմանդամություն ունեցող անձի հետ: Մշակված մոդուլները ներկայացված են պետական լիազոր մարմնին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս պահին իրականացվում են անձնական օգնականների վերապատրաստում և որակավորում։ Վերապատրաստման համար առանձնացված թեմաների մեջ մեր առաջարկների մի մասն ընդգրկված են»:
Հայկ Մկրտչյանը նշում է՝ Հայաստանում անձնական օգնականի ինստիտուտը ամբողջովին ներդրված չէ, իհարկե, սակայն տարբեր կազմակերպություններ են դրանով հետաքրքրված, որոշները փորձում են արտերկրի փորձը բերել մեր երկիր, սակայն սա այն ծառայություններից է, որին պիտի մեծ ուշադրություն դարձնել պետական մակարդակով, հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության տեսակետից կարևոր է նաև ճիշտ ուղղությամբ զարգացնել մոդելը, ինչին և միտված են եղել ծրագրի շրջանակներում իրականացված քննարկումները և մշակված վերապատրաստման մոդելները:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան