Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ձևավորվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության կողմից 2017 թվականին։ Անդամների համախմբման նպատակն էր միավորել քաղաքացիական հասարակության ջանքերը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը ջատագովելու ուղղությամբ։ 

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ամենամեծ կոալիցիան և կազմված է 16 անդամ կազմակերպություններից և 7 անհատ անդամներից։

Կոալիցիայի անդամ կազմակերպությունների և անհատ անդամների կողմից կազմված  Ընդհանուր ժողովը հանդիսանում է Կոալիցիայի որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը։ 

Կոալիցիայի ընթացիկ աշխատանքն ապահովում է աշխատակազմը, որը բաղկացած է Կոալիցիայի համակարգողից, ծրագրի ղեկավարից, ղեկավարի օգնականից, հաղորդակցության համակարգողից, ջատագովության համակարգողից, իրավական աշխատանքների համակարգողից, իրավաբանից, համայնքների հզորացման համակարգողից։ 

Կոալիցիայի ընթացիկ գործունեությունն ապահովվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում։ 

Կոալիցիայի տեսլականը

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի տեսլականն է ունենալ ներառական հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն պաշտպանված իրավունքներ և իրենց ներուժն իրացնելու հավասար հնարավորություններ։ 

Կոալիցիայի առաքելությունը

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և անհատների միավորում է, որը նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ ջատագովության և հանրային իրազեկման միջոցով։  

Կոալիցիայի արժեքները և սկզբունքները

  • Ներառականություն
  • Իրավունքահենք մոտեցում
  • Խտրականության բացառում 
  • Հավասարություն և համերաշխություն 
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն

Կոալիցիան ներկայացնում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերը՝ առանց խտրականության։ 

Որպես հասարակական կազմակերպությունների և անհատների միավորում Կոալիցիան առաջնորդվում է համերաշխության և գործընկերային հարաբերությունների,  անդամների անկախության նկատմամբ հարգանքի, անաչառ և մասնակցային կառավարման սկզբունքներով։ 

Կոալիցիայի գործունեության հիմքում որպես սկզբունք և որպես վերջնարդյունք ընկած է հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությունը։