Գեղեցկադեմ երիտասարդ աղջիկը, կարմիր փոքրիկ գնդակը ձեռքին, ուշադրությունը կենտրոնացրած նետում է գնդակն ու ուրախությունից վեր թռնում՝ գրանցած արդյունքը գոհացնող էր։
21-ամյա Սուսաննա Մամբռեյանը Վանաձորից է, մանկական ուղեղային կաթված ունի, դժվարությամբ է տեղաշարժվում ու կյանքում 2-րդ անգամ էր բոչիա խաղալու։ Ասում է առաջին անգամ Վանաձորում փորձեցի ու սիրահարվեցի, հիմա անընդհատ ուզում եմ խաղալ։
«Ես ազարտ սիրող մարդ եմ, իսկ բոչիա խաղն ինձ շատ է դուր եկել։ Ես սիրում եմ հետաքրքիր խաղերի ու ծրագրերի մասնակցել, բայց ցավոք սրտի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար այդպիսի խաղեր ու ծրագրեր շատ քիչ կան, այն էլ մարզերում։ Այս պահին բոչիայով եմ տարված, շատ է դուր եկել», — ասում է Սուսաննան, ում ողջ ոգևորությունը թրթռացող ձայնից փոխանցվում էր։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան 2010 թվականի սեպտեմբերի 11-12-ը Ապարանի ամառային առողջարանային մասնաճյուղում անցկացրեց ՀՀ բոչիայի անդրանիկ առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են հանրապետության 7 քաղաքների և Արցախի թվով 20 մարզիկներ։ Մրցաշարին նախապատրաստվելու համար մասնակիցներն ուսումնամարզական հավաքների են մասնակցել։ Մրցաշարերը ամենամյա են]։ 2017 թվականի հոկտեմբերի 21-22-ն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն։ Առաջնությանը մասնակցեցին հինգ թիմեր Հայաստանից և Արցախից։
Բոչիան պատկանում է գնդակով խաղերի դասին, հաշմանդամային սպորտաձև է համարվում։ Այն զարգացնում են ավելի քան 50 երկրներում։ Այս խաղը երկար տարիներ համարվում էր ազատ ժամանց, իսկ 1984 թվականին Նյու Յորքում կայացած պարալիմպիկ խաղերին այն առաջին անգամ ներկայացվեց և համարվում է պարալիմպիկ մարզաձև։ Բոչիա կարող են խաղալ անհատական, զույգերով և թիմերով։ Այս մարզաձևում, իգական և արական սեռի մարզիկները խաղում են միասին։ Խաղի նպատակն է նետել գունավոր կաշվե գնդակները, կարմիր կամ կապույտ, որքան հնարավոր է մոտ սպիտակ գնդակին։ Սկզբում նետում են սպիտակ գնդակը, այնուհետև նետում են մյուս երկու գույնի գնդակները, որից հետո խաղում են այն մասնակիցները ում գնդակը ավելի հեռու է գտնվում սպիտակ գնդակից կամ թիրախից, փորձում են հեռացնել հակառակորդի գնդակը դաշտից կամ նետել գնդակները նշանակետին հնարավորինս մոտ։ Այնքան ժամանակ մինչև կավարտվեն այդ թիմի ունեցած գնդակները կամ ավելի մոտ կլինեն նպատակակետին, այնուհետև խաղը կշարունակեն մյուս գույնի գնդակներ ունեցողները։ Գնդակները կարող են նետվել ձեռքերով, ոտքերով, և կախված մարզիկի հաշմանդամությունից՝ կարող են օգտագործվել նաև հատուկ սարքեր։ Վերջում հաղթում է այն թիմը, ում նետած գնդակներն ավելի մոտ են եղել սպիտակ գնդակին։
Բոչիան հին խաղ է, թեպետ Հայաստանում այդքանէլ վաղուց չի ներդրվել։ Այն մեզ հայտնի քարկտիկին է նման, ասում է թիմի մարզիչ Աշոտ Շահինյանը։
«Մենք լավ խաղացողներ ունենք, ուժեղ թիմ ունեննք նաև Արցախում։ Իրենք էլ են շատ մրցումներ կազմակերպել, մոտ 4-5 մրցում է եղել։ Մեր մասնակիցները նաև մրցումներ են ունեցել ՌԴ-ում, իսկ մեր կազմակերպած մրցումներին հիմնականում մասնակցում են ՌԴ-ից ու Արցախից ժամանած թիմերը», — ասում է Աշոտ Շահինյանը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Հայստանում 2020թ-ին ձևավորվել է բոչիայի ազգային ասոցիացիան, որը միավորելու է բոլոր թիմերն ու ակումբները։ Նաև միջազգային խաղերն է համակարգելու։ Այս տարի արդեն Եվրոպայի և աշխարհի խաղեր են անցկացվելու և Հայաստանում պետք է նախնական ընտրության ու վարկանիշային խաղեր անցկացվեն, որ հավաքական ձևավորվի։ Հայաստանը առաջին անգամ միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունի, ասում է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը, ով նաև ղեկավարում է «Արարատ»-ի բոչիա ակումբը։
«Երեխաները, որոնք առաջին անգամ են փորձում խաղալ, մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ են խաղում։ Դա խոսում է այն մասին, որ մարզաձևը դեռ շատ տարածում կստանա։ Մոտ 40 անհատ խաղացող և 7-8 թիմեր կան ձևավորված, բայց դեռ ընթացքի մեջ է։ Հիմնական դժվարությունը մարդկանց մոտիվացիան է և ջանքերի կենտրոնացումը։ Պետության կողմից էլ պետք է բավարար աջակցություն ու ֆինանսավորում լինի», — ասում է Սուրեն Մաղաքյանը։
Մինչ այս պահը մրցաշարերը կազմակերպվել և իրականացվել են հիմնականում առանձին ծրագրերի միջոցով, միայն նախորդ տարի է պետության կողմից ֆինանսավորվել, հիմա հույսերը մեծ են, որ պետական աջակցություն կլինի նաև միջազգային խաղերին մասնակցության համար։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան