«Հայաստանի գրանցում ունենք, վախենում ենք գանք՝ էլ հետ չթողնեն Արցախ»,- coalition.am-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կինը։ Եթե այդ վտանգը չլիներ, կդիմեին ամուսնուն Հայաստան տեղափոխելու խնդրանքով, դրա համար բոլոր նախապայմանները կան։ Ամուսինը պատերազմի դաշտում ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել, երբեմն հիշողության կորուստ է ունենում, իսկ անտանելի ցավերն ամեն օր են տանջում։
«Ցավազրկողները, որ իրեն նշանակել էին, այլևս չկա դեղատներում։ Երկար փնտրտուքների արդյունքում որոշ փոխարինողներ գտնում ենք, բայց լավ չեն օգնում։ Հաճախ ստիպված ենք լինում շտապօգնություն կանչել։ Մի օր իրենք էլ չեն կարողանա գալ, վառելիք էլ չկա», — ասում է կինը։
Պատերազմի ժամանակ առողջությունը կորցրած տղամարդը պատրաստ է դիմանալ ցավերին ու պայքարել Արցախում, բայց լքել Արցախը ոչ մի գնով պատրաստ չէ։ Ընտանիքով 2018թ-ին են Արցախ տեղափոխվել, հետո ծառայության է անցել։
«Որ էդ ցավերը տեսնում ենք, ասում ենք դիմենք, թող Երևան տեղափոխեն, ասում է՝ չէ։ Ես պատերազմի դաշտում էս հողի համար եմ վիրավորումները ստացել, ընկերներ եմ կորցրել, հիմա ո՞նց թողնեմ գնամ», — պատմում է կինը։
Խնդիրները բազմաթիվ են, արդեն սնունդն էլ է վերջանում։ Փոքրիկ այգի ունեն, բանջարեղեն կա, բայց կենսական նշանակության այլ մթերքներ չկան։ Երկու օրից աղն էլ կվերջանա, կսկսեն անալի ուտել, առողջարար է՝ ծիծաղում է զրուցակիցս։
«Ամեն դժվարության էլ հարմարվում ենք, պայքարում ենք, այլ տարբերակ չունենք։ Այսօր էլ հացն առել ենք առանց աղի էր, ոչինչ, սրան էլ կդիմանանք»,-ողջ ցավը խորը հոգոցի հետ դուրս հանելով ասում է նա։
Հիշեցնենք, որ Արցախն արդեն 7 ամսից ավելի է շրջափակման մեջ է, իսկ հունիսի կեսերից լիովին դադարեցվել է նույնիսկ առաջնային անհրաժեշտության ապրանքների ու պարենի մուտքը Արցախի Հանրապետություն։ Վառելիքի բացակայության պատճառով լիովին դադարեցվել է նաև տրանսպորտի աշխատանքը։ Արցախում 120 000 քաղաքացի է ապրում, որից 9000-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան