2017թ-ին Հայաստանում բացվեց առաջին լաբորատորիան, որտեղ քայլքի հետազոտություն է արվում։ Քայլվածքը, որ թվում է, թե պարզ առօրյա գործողություն է, իրականում մի շարք գործողություններից է կազմված, որ անզեն աչքով ֆիքսելն ու գնահատելը շատ դժվար է, բայց որոշ խնդիրների դեպքում առավել քան անհրաժեշտ, բացատրում է մանկական օրթոպեդ, քայլքի լաբորատորիայի համակարգող Դավիթ Սեկոյանը։
«Քայլքի հետազոտությունը թույլ է տալիս առավել ճշգրիտ պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ, ըստ այդմ պլանավորել վիրահատական բուժումները և օբյեկտիվ ինֆորմացիա ստանալով քայլվածքի շեղումների վերաբերյալ առավել արդյունավետ կազմակերպել բուժումը։ Քայլքը հետազոտելու համար կան բազմաթիվ տեխնիկական միջոցներ, սակայն առաջադեմ մեթոդը՝ եռաչափ օպտիկական հետազոտությունն է հատուկ քայլվածքի լաբորատորիայում։ Դա սարքավորումների համալիր է, որը թույլ է տալիս ստանալ լիարժեք ինֆորմացիա քայլվածքի բոլոր պարամետրերի մասին։ Եթե պարզ ասենք, հնարավոր է դառնում տեսնել անտեսանելին», — ասում է Սեկոյանը։
Լաբորատորիայում հիմնականում մասնագիտացված են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների քայլվածքի հետազոտության մեջ, թեպետ հենաշարժողական այլ խնդիրների դեպքում ևս հետազոտությունը կիրառվում է։ Անձնակազմը վերապատրաստվել է հատուկ այդ խնդիրն ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Նման լաբորատորիաներ աշխարհում օգտագործվում են նաև սպորտային կամ այլ հետազոտություններ իրականացնելու համար։
«Մեր գործունեության այս տարիների ընթացքում լավ արդյունքներ ունենք գրանցած։ Ունեցել ենք դեպքեր, երբ երեխան դժվարությամբ էր քայլում, իսկ հիմա քայլվածքը զգալի փոխվել է։ Նաև մեր մոտեցումն է փոխվել, եթե նախկինում բոլորին նույն վիրահատությունն էինք անում ու միշտ չէր, որ լավ արդյունք էինք գրանցում, հիմա անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին», — նշում է մանկական օրթոպեդը։
Հետազոտությունը վճարովի է, պետպատվերը չի փոխհատուցում այն, սակայն Հայաստանի քաղաքացիների համար ընտրվել է այնպիսի արժեք, որը հասու է ցանկացած ընտանիքի։ 55 000 դրամ է հետազոտության արժեքը, չնայած նրան, որ հետզոտության ինքնարժեքն ավելի բարձր է։ 1 հոգու հետ աշխատում է 3-4 մասնագետ, 2-3 ժամ։
«Նախարարության հետ քննարկվել է պետպատվերի շրջանակներում իրականացնելու հարցը, սակայն եթե պետպատվերի անցնեինք պետությունը ցածր գին էր առաջարկում, առանց համավճարի, հետևաբար համագործակցությունը իրատեսական չէր»,- նշում է Դավիթ Սեկոյանը։
Այս պահի դրությամբ հետազոտվել է արդեն 474 հիվանդ, իսկ ընդհանուր հետազոտությունների թիվը 700-ի է հասնում։
16-ամյա Աքսաննան, որ մանկական ուղեղային կաթված ունի, քայլքի լաբորատորիայի առաջին այցելուներից է եղել։ 12 տարեկան էր, որ մայրը նրան տարավ հետազոտության ու վրահատություն արվեց։
«Մենք դիմեցինք քայլքի լաբորատորիային, մինչ այդ միայն վերականգնողական բուժումներ էինք անցել ու աղջիկս բութ մատի վրա էր քայլում, ձախ կողմը ամբողջությամբ ձգված էր, բայց շնորհիվ գրագետ հետազոտության , հետո նաև վիրահատության, փառք Աստծո, աղջիկս այսօր քայլում է ոտքն ամբողջությամբ գետնին դրած։ Իհարկե դեռ խնդիրներ կան, որ պետք է շտկել, ևս մեկ վիրահատություն պետք է անցնենք, բայց ես շատ շնորհակալ եմ, որ կարողացանք այսպիսի արդյունքի հասնել», — ասում է Աքսաննայի մայրը՝ Աստղիկ Դավթյանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան