«Ուզում էի խոհարարի կրթություն ստանալ, մասնագետ չկա, ուզում էի երաժշտական դպրոց գնալ ու քանոն նվագել, բայց էլի մասնագետ չկա Գյումրիում, հիմա էլ ուզում եմ անգլերեն ու ֆրանսերեն սովորել ու դառնալ թարգմանչուհի։ Իր ձգտումներով ու դեպի երազանքները տանող նեղ կածանով հաստատուն քայլող այս 15-ամյա աղջնակը գյումրեցի Հովաննան է։
2008-ին է լույս աշխարհ եկել քույրիկի՝ Աննայի հետ։ Ծնունդից 2 ամիս անց մայրը՝ Նարինեն
նկատել է, որ փոքրիկը չի հետեւում իր ձեռքի շարժումներին, չի արձագանքում։ Ախտորոշումն
անակնկալի է բերել ծնողներին՝ բնածին կուրություն ունի աղջիկը։
«Շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ ընկանք,բայց կյանքը պայքար է, ու մենք էլ պետք է
պայքարեինք։ Մեզ բազմաթիվ անգամ առաջարկեցին, որ երեխային պետության հոգածությանը
հանձնենք, բայց միանշանակ էր մեր մերժումը։ Ընտանիքում էլի երեխաներ կան, բոլորն էլ
գիտակցեցին, որ նա տանն է ապրելու, բոլորիս հետ»,-տարիների վարագույրն է հետ տանում
տիկին Նարինեն։
Ինչպե՞ս Հովաննան արեց առաջին ինքնուրույն քայլերը
Հովաննան մեկ քույր, 6 եղբայր ունի: Հենց նրանց օգնությամբ էլ աղջիկն արեց առաջին քայլերը,
սկզբում տանը, հետո՝ բակում:
«Նոր-նոր որ սկսել էր քայլել, անընդհատ ընկնում էր, ինքնուրույն ուտել էր ուզում, տան մեջ
հարմարություններ ստեղծեցինք ու քիչ-քիչ իր հետ սովորում էինք, թե ինչպես էինք իր հետ
վարվելու»,-պատմում է Նարինեն։
Քայլերն աստիճանաբար դարձան հաստատուն, եւ ժամանակն էր, որ մանկապարտեզ հաճախեր։
Այնպես, ինչպես բոլոր երեխաները, այդ թվում եւ իր տարեկից քույրիկը՝ Աննան։ Ընտանիքը լուրջ
պատնեշի հանդիպեց. Հովաննային Գյումրիում որեւէ մանկապարտեզ չընդունեց իր հարկի տակ։
Ասացին՝ մասնագետներ չկան։ Աննան մանկապարտեզ գնաց մենակ։
«Արդեն 3 տարեկան էր ու գիտակցում էր, որ ինչ-որ մի պատճառ կա, որ իրեն չեն ընդունում
մանկապարտեզ։ ՈՒ երկու տարի ամեն առավոտ, երբ քույրիկը գնում էր, ինքը սկսում էր դռան
հետեւում լաց լինել։
Դա ծանր ճնշում էր մեզ վրա ու առաջին հերթին իր համար։ Ամեն առավոտ հայրիկի հետ իր
խնդրանքով ուղեկցում էր քույրիկին մանկապարտեզ ու էն պահին, որ Աննան պետք է իրենցից
բաժանվեր, ներս մտներ, ծանր ապրումները սկսվում էին, թե ինչու ինքը չունի իրավունք մտնելու
խմբասենյակ։
2 տարի անընդհատ նրան ասել ենք, որ մի քիչ էլ կմեծանաս, նոր կընդունեն։ Ինքը փոքր էր, չէր
գիտակցում, մենք էլ պատրաստ չէինք, որ իրեն պատճառը բացատրեինք»,-հուզվում է մայրն ու
լռում։
Հովաննան 5 ու կես տարեկան էր, երբ «Կարմիր գլխարկ» մանկապարտեզը հայտարարում է
ընդունելություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Շատ արագ աղջկան քույրիկի
հետ միասին ծնողներն այդ մանկապարտեզ են տարել։ Ընդամենը 6 ամիս մանկապարտեզ
հաճախած Հովաննան կես տարում շատ ընկերներ է ձեռք բերել, ամենակարեւորը դուրս է եկել տնից որպես լիարժեք մարդ, զգացել իրեն հասակակիցներին հավասար։
«Գոնե այդ 6 ամիսը կարողացանք երեխային մանկապարտեզ տանել, որ զգար մանկությունն,
խումբ, խմբասենյակ, իր այդքան երազած մանկապարտեզում լիներ։
Իրեն երեխաները մեծ սիրով ընդունեցին եւ ամեն ինչ անում էին, որ դժվարություններ հանկարծ
չունենա։ Այդ առօրյան իրեն միշտ հետաքրքրում էր։ Ամեն անգամ, որ քույրիկը գալիս էր մանկապարտեզից,
անընդհատ հարցնում էր, ի՞նչ արեցիք, ի՞նչ սովորեցիք, ի՞նչ երգեցիք, ի՞նչ կերաք։ Ինքն էությամբ
այդ խմբի մեջ էր, բայց միաժամանակ դուրս մանկապարեզից»։
Ծակելով գրող եւ կետիկներով կարդացող առաջին դասարանցին. դպրոց
Հաղթահարվելիք դժվարության հաջորդ փուլը դպրոցն էր։ Հովաննան ֆիզիկական խնդրով
պայմանավորված որեւէ դժվարություն ի սկզբանե չի ունեցել, հիմա էլ չունի: Գրել-կարդալու
տեխնիկան է միայն տարբերվում համադասարանցիներից: Բրայլյան համակարգով է Հովաննան
սովորում: Մանկապարտեզում արդեն տառաճանաչ դարձած Հովաննան իր անսովոր գիրք, տետր,
գրչով էլ առաջին դասարան մտավ:
«Սկզբում չէր հարմարվում, որ ինքը այլ գրիչով պետք է գրեր, այլ դասագիրք է ունենալու, չէր
հարմարվում, որ ծակելով է գրելու, մյուսներից տարբերվող ձեւով։ Մի կերպ համոզեցինք, ասացինք, որ միայն առաջին դասարանում է այդպես գրելու, հետո կփոխվի։
Հասավ 2-րդ ասարան, արդեն տրամադրություն չուներ ու ասաց՝ էլ չեմ գնա դպրոց։ Կանգնեցինք
խնդրի առաջ։ Բայց քիչ-քիչ հասկացավ, որ տարբերվում է մյուսներից, միաժամանակ նաեւ ուրիշ է, նրանց նման չէ։ Հարմարվեց»։
Բրայլյան գիրը նաեւ տիկին Նարինեն, դպրոցի հատուկ մանկավարժն ու դասղեկն են սովորել,
որպեսզի կարողանան աղջկան լիարժեք կրթություն տալ, գրածը ստուգել, ուղղել։ Նարինեն
խոստովանոմ է՝ որքան այդ գիրն է բարդ ու դժվար, կրկնակի էլ անհրաժեշտ գրքերն ու տետրերն են դժվարությամբ ձեռք բերվում։ Գյումրիում դրանք գոյություն չունեն, նաեւ թանկ են։
Տարրական օղակում դասագրքերն ու տետրերը Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու
մասնաճյուղի տնօրեն Արմինե Նիկողոսյանն է կարողացել տարբեր միջոցներով ապահովել:
Անընդհատ հովանավորներ են փնտրել, որպեսզի կարողանան դասագրքերը, որոնք հատուկ
պատվերով են պատրաստվում, ունենալ։ Պետական հոգածություն այս հարցում չկա, մեկ անգամ
Շիրակի մարզպետարանն է աջակցել։ Իսկ այս տարի աղջիկն առանց դասագրքերի է մնացել։
«Արդեն 9-րդ դասարանն ավարտում է, ոչ մի դասագիրք չունենք։ Այս տարի իր դասերը կարդում,
ձայնագրում ենք, ինքը լսում ու սովորում է։ Տետրերի խնդիր չունենք, «Հայկական կարիտաս»-ն է
այս տարի տետրեր տվել, տիկին Արմինեն է այդ հարցով մեզ շատ օգնել։
Հիմա ինքն աշխատում է համակարգչով, տեքստը հավաքում է եւ իր գրածն ուղարկում է դպրոցի
էլեկտրոնային հասցեին։ Այդպես ստուգում են իր աշխատանքը, տետրեր շատ չի օգտագործում։
Թելադրությունը եւս դասարանում գրում է բոլորին հավասար, շատ արագ ու առանց խնդիրների՝
դասընկերները տետրերում, ինքը՝ համակարգչի միջոցով, սովորական տառերով։
Բրալյան համակարգով միայն հանրահաշիվն է գրում Հովաննան։ Այդ առարկայի համար եւս
հատուկ ծրագիր կա, որին աղջիկը դեռ չի տիրապետում։
Բացարձակ գերազանց ավարտում է 9-րդ դասարանը, 3 լեզվով կարողանում է օգտվել
համակարգչից»,-հպարտանում է Հովաննայի մայրն ու անհանգստանում՝ հետո ինչ է լինելու, չի էլ
պատկերացնում։
«Իմ համակարգչով աուդիոդասեր եմ սովորում, «Յութուբ»,-ում նայում եմ իմ ուզածը, բայց
ժամանակից մեծ մասը սովորելուս վրա եմ ծախսում։ Հեռախոսով ընկերուհիներիս որ զանգում եմ,
հիմնականում դասերի մասին ինչ-որ բաներ եմ հարցնում, իրենք էլ դասերի տեղերն են ինձ
հարցնում»,-մեզ հետ զրույցում ասում է Հովաննան։
Երազանքների ուղղությունը փոխող սահմանափակ պայմաններ
Գյումրու սահմանափակ պայմաններն աղջկան ստիպում են քիչ-քիչ հրաժարվել
նախասիրություններից ու երազանքներից։ Խոհարարություն սովորելու, մասնագետ դառնալու
համար քաղաքում չկային մասնագետներ ու հաստատություն, նույնը նաեւ երաժշտական դպրոցի
պարագայում է։ Աղջկա՝ քանոնահարուհի դառնալու երազանքն էլ է դրվել հեռու մի անկյունում։
Հիմա Հովաննան ինքնուրույն է փորձում հասնել իր նախընտրած մասնագիտությանը։
Համակարգչի օգնությամբ անգլերեն ու ֆրանսերեն է ուսումնասիրում։ Հստակ որոշել է՝
թարգմանչուհի է դառնալու։
Տեսողական խնդիրներ ունեցողների համար Գյումրին ոչ միայն անմատչելի, նաեւ վտանգավոր
քաղաք է համարում տիկին Նարինեն։ Փողոցները չունեն համապատասխան կահավորում, հարթ
չեն, մեքենաների երթեւեկությունը դեռեւս վայրիվերո է, ամեն քայլափոխ փորձություն է ոչ միայն
հաշմանդամություն ունեցողների, այլեւ՝ բոլորի համար։ Սրան էլ եթե գումարենք թափառող շների
մեծ բանակը, գուցե ոչ ամբողջական, բայց պատկերը հստակ կլինի։
«Ճիշտ է փոքր է հիմա Հովաննան, մենք դեռ անընդհատ կողքին ենք։ Բայց, ինչքան էլ չուզենք,
պահը գալու է, որ նա մենակ է ապրելու, առանց քույրիկի, առանց մեզ։ Տան ամեն ծակնուճյուղը
գիտի, բայց հենց փողոց ենք դուրս գալիս, վախենում է, միանգամից բռնում է ձեռքերիցս, որովհետեւ գիտի, թե ինչքան անմատչելի են փողոցները»։
Անգամ սպիտակ ձեռնափայտ կիրառելու հարցում կան խնդիրներ։ Գյումրիում նաեւ այդ
մասնագետները չկան, որոնք սկզբնական շրջանում կկարողանային օգնել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենոհի Մինասյան