Հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող աջակցող միջոցները չեն համապատասխանում իրական կարիքներին։ Այս մասին coalition.am-ին հայտնում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։
Արև Նիգոյանի 14-ամյա որդին, որ Մանկական ուղեղային կաթված ունի, ստիպված է հարմարվել իրենց չափերով մեծ անվասայլակին։ Պետության կողմից տրամադրվող հավաստագրի հետ խնդիրներ չեն լինում, 2 տարին մեկ ստանում են, խնդիրը կապված է անվասայլակի չափերի հետ։
«Պետության կողմից տրամադրվող հավաստագրով մենք կարող ենք մինչև 120 000 դրամանոց անվասայլակ ձեռք բերել։ Խանութում ներկայացված է 3 տեսակի անվասայլակ ՄՈՒԿ ունեցող երեխաների համար, բայց բոլորն էլ չափերով մեծ են։ Իմ երեխան փոքրամարմին է 2 հոգով կարող են նստել այդ սայլակին։ Նույն խանութում կար ավելի փոքր ու ավելի մատչելի տարբերակ, որը ՄՈՒԿ-ի համար չէր նախատեսված։ Ես խնդրեցի այդ սայլակը տրամադրել, սակայն մերժեցին, ասելով, որ իրավունք չունեն», — ասում է ծնողը։
Այդ խնդրով Արև Նիգոյանը դիմել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացել է պատասխան, որ երեխային ՄՈՒԿ-ի համար է հավաստագիր տրվել և փոխել չեն կարող, հետևաբար պետք է ընտրեն հենց ՄՈՒԿ-ի համար առաջարկվող սայլակներից մեկը։
Ստիպված են եղել երեխայի համար մեծ ու անհարմար սայլակ վերցնել, ժամանակվոր հարմարեցրել են ու հիմա փորձում են բարեգործական կազմակերպությունների միջոցով ձեռք բերել երեխայի համար նոր սայլակ, որտեղ երեխան իրեն ավելի հարմար կզգա։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Մեկ այլ խնդրի մասին է բարձրաձայնում Պատվական Ռևազյանը, որ տեսողության խնդիր ունի։ Իր բարձր հասակի պատճառով իրեն հարմար սպիտակ ձեռնափայտ չի կարողանում գտնել։ Հայաստան չի ներմուծվում ոչ միայն պետության հետ համագործակցող, այլև մասնավոր կազմակերպությունների կողմից;
«ՀՀ ներմուծվում են միայն 115 և 120սմ երկարությամբ ձեռնափայտեր, բայց բարձրահասակ մարդկանց համար անհրաժեշտ է լինում մինչև 150 սմ և նույնիսկ ավելի բարձր երկարության ձեռնափայտեր։ Դիմել ենք սոցապնախարարություն ու պատասխան ստացել, որ առաջիկայում կլինի, բայց ոչ մի ձայն այդպես էլ չկա։ Սա 1 կամ 2 տարվա խնդիր չէ, երկար տարիների խնդիր է ու չի լուծվում։ Դիմել ենք նաև ներմուծող խանութներին, որոնք ներմուծում են 4 հատված ունեցող ձեռնափայտեր ու բացատրել, որ 5 հատված ունեցողներն ավելի հարմար են, բայց ասում են, որ իրենք բերում են միայն այն ձեռնափայտերը, որոնք իրենցից կառավարությունն է ուզում։ Այսինքն իրենց չի ասվել, որ ներմուծեն ավելի երկարները», — ասում է Պատվական Ռևազյանն ու արդարացիորեն ընդգծում, որ այդպիսով իրենք չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից, ստանում են հավաստագրեր, բայց աջակցող միջոցն այդպես էլ չեն ունենում։
Որ անձի իրական կարիքները հաշվի չեն առնվում աջակցող միջոցները տրամադրելիս, նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում էր նշվում։ ՄԻՊ-ի գրասենյակ նաև դժգոհություններ էին ստացվել տարբեր քաղաքացիների կողմից, մասնավորապես, բազմակի հաշմանդամություն ունեցող անձին, ում ոտքերն ու ձեռքերից մեկն ամպուտացված էր, իսկ մյուս ձեռքը սահմանափակ շարժունակ էր, տրամադրվել էր սայլակ,որից նա օգտվել չէր կարողանում։ Մեկ այլ դեպքով, դժգոհությունը լսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողներից էր եկել։ Կովիդի ժամանակ պետության կողմից տրամադրված լսողության սարքերը չեն ապահովել այն տեխնիկական պահանջները, որ անհրաժեշտ էր հեռավար կրթությունը ապահովելու համար, օրինակ, ինտերնետին դժվար էին միանում կամ առհասարակ չունեին այդ հնարավորությունը։
«Ակնկալել, որ պետությունը պետք է տրամադրի, օրինակ, ավտոմատ սայլակ իրավաչափ է, որովհետև օրենսդրական պահանջն ասում է, որ անձը պետք է ստանա իր կարիքներին համապատասխանող աջակցող միջոցներ կամ պարագաներ, բայց գործող իրավակարգավորումներն ու մեխանիզմերը ապահովում են որոշակի աջակցող միջոցներ, որոնք ոչ միշտ են համապատասխանում կարիքներին», — ասում է ՄԻՊ աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը։
Coalition.am-ը պարզաբանում խնդրեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նածարարությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ աջակցող միջոցները հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին համարժեք տրամադրելու նպատակով դրանք տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա, որը հնարավորություն է տալիս դիմելու իր նախընտրած կազմակերպությանը և ընտրել իր կարիքին համարժեք պարագա։ Կառավարության 1035-Ն որոշման մեջ ներկայացված է այն աջակցող միջոցների ցանկը, որ քաղաքացիները կարող են ստանալ։ Այդ ցանկից դուրս աջակցող միջոց նախարարությունը տրամադրել չի կարող։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան