38-ամյա Արփինե Մարտիրոսյանը դեռ մանկուց երաժշտության նկատմամբ առանձնահատուկ սեր է ունեցել։ Երբեք չի պատկերացրել, որ կյանքի որևէ փուլում կսկսի զբաղվել պրոֆեսիոնալ երգարվեստով, ավելին՝ այդ ոլորտում կստանա բարձրագույն կրթություն՝ երգը վերածելով մասնագիտության։ Ուսումը մշտապես կարևորող, ակտիվ ու պարտաճանաչ Արփինեի կյանքն անսպասելիորեն փոխվեց 12 տարեկանում, երբ նրա մոտ ի հայտ եկավ տեսողական խնդիր։
Արփինեն դասական երգչուհի է, մինչ օրս Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվի անդամ է, երգում է ժողանսամբլում, «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» երգչախմբում, հանդես է գալիս որպես մենակատար։ Ասում է՝ կյանքն ամբողջովին փոխվել է՝ կույրերի միավորում մտնելուն պես։
«Ես միայն ինձ գիտեի այդ խնդրով, հետո ճանաչեցի շատ-շատերին, հասկացա՝ մարդիկ այդ խնդիրն ունենալով՝ չեն հուսահատվել, առաջ են գնացել, ջանասիրաբար սովորել են, աշխատել։ Այդ օրինակները տեսնելով՝ համոզվեցի, որ ես էլ կարող եմ շատուշատ դժվարություններ հաղթահարելով՝ իրականացնել նպատակներս»,- coalition.am- ին ասում է երգչուհին։
Արփինեն պատմում է՝ դպրոցական տարիներին շատ էր նեղսրտում, երբեմն անարդարության զգացողություն ունենում, ինքն իրեն հաճախ էր հարցնում՝ ինչո՞ւ բոլորը չունեն հավասար հնարավորություններ՝ հատկապես կրթության հարցում, ինչու՞ է ուսումը մեկին տրվում դժվար, իսկ մյուսին՝ առանց որևէ խնդրի։
«Դպրոցում ուսուցիչներս, դասընկերներս աջակցում էին, օգնում՝ դասերից հետ չմնալ, արտագրել գրատախտակին գրվածը, բայց աստիճանաբար տեսողությունս վատթարանում էր, գնալով ավելի դժվար էր դառնում գրել, կարդալը և առհասարակ առօրյա կյանքս կազմակերպելը»,- հիշում է նա։
Բժիշկներին դիմելուց և ստուգումներից հետո պարզ դարձավ՝ տեսողությունն այլևս հնարավոր չէր վերականգնել, հնարավոր էր միայն կանգնեցնել պրոցեսը, ինչի համար Արփինեն դիմեց մի շարք վիրահատությունների։ Պահպանված տեսողությամբ որոշ ժամանակ միայն կարողացավ շարունակել ուսումը, իսկ տարիների ընթացքում եղածն էլ աստիճանաբար սկսեց նվազել։ Թեև դպրոցում բոլորն օգնում էին և ընդառաջում, Արփինեն չկարողացավ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ․ 9-րդ դասարան էր, երբ իր որոշմամբ դուրս եկավ դպրոցից։
«Հիմա որ հետ եմ նայում, շատ եմ փոշմանում, որ թողել եմ ուսումս ու փակվել տանը, որովհետև նույնիսկ այդ պայմաններում կարելի էր գնալ, շարունակել կրթվել կամ գտնել թույլ տեսնողների դպրոց, որի մասին ես նախկինում լսել անգամ չէի ուզում»,- ասում է Արփինեն։
12-ամյա կրթություն ստացել է ավելի ուշ՝ Կույրերի միավորման երեկոյան դպրոցում, որտեղ միաժամանակ նաև աշխատում էր։
«25 տարեկանում շատ բան փոխվեց իմ կյանքում, իհարկե, վատ պատճառով․ ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ, որից հետո ուշքի գալ էր պետք․․․ Վերցրեցի հեռախոսն ու զանգահարեցի «Սփյուռ», հարցրեցի՝ «կույրերի համար ի՞նչ ունեք», միավորման հեռախոսահամարը տվեցին, զանգահարեցի, կանչեցին։ Գնացի երգչախումբ, տնօրենը՝ Սիմոն Հովհաննիսյանն ինձ լսեց, ասաց, որ ունեմ ձայնային տվյալներ ու ընդունեց»,- պատմում է երիտասարդ երգչուհին։
Արփինեն խոստովանում է՝ ծանոթ չէր դասական երգեցողությանը։ Հիշում է՝ առաջին անգամ, երբ երգչախմբում լսել էր երգիչների կատարումները, շատ էր զարմացել, կասկածել՝ կարո՞ղ է արդյոք ինքն էլ այդպես երգել։ Ասում է՝ դասական երգեցողությունն իր համար անչափ հետաքրքիր ոլորտ էր, նոր բացահայտում։
Արփինեն սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դասական-ակադեմիական երգեցողություն բաժնում։ Այստեղ ևս դժվարությունները քիչ չէին, բայց այնքան ոգևորված էր ու տարված երաժշտությամբ, որ ցանկացած՝ թեկուզ փոքր խոչընդոտի համար մշտապես գտնում էր լուծումներ։
«Ես ձայնագրիչով էի անում դասերս, իմ անբաժան ընկերն էր ուսանողական տարիներին, ամեն ինչ ձայնագրում էի, տանը լսում ու մշակում։ Իսկ մինչ այդ փորձում էի դասերը գրի առնել բրայլյան տարբերակով, բայց հասկացա, որ դասախոսներին այդպես հարմար չէր, ու փորձում էի դասերը բանավոր կերպով պատասխանել»,- պատմում է նա։
Արփինեն համոզված է՝ երաժշտությունը շատ նուրբ աշխարհ է, որն օգնում է տեսնել նույնիսկ անհնարինը։ «Երգարվեստը նաև ինքնաարտահայատման միջոց է. մինչ մարդկանց փոխանցելը, պետք է անցկացնել քո ներսով, պետք է կարողանալ հասկանալ․․․ Շատ կարևոր աշխատանք է, ինքդ քո մեջ, քո ներսում»,- ասում է Արփինեն ու շարունակում՝ հենց երաժշտությունն է իրեն օգնում ցանկացած իրավիճակից դուրս գալ պատվով ու հաղթանակած։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մերի Մաթևոսյան