Աշխարհի տարբեր առաջատար լրատվամիջոցներում կան ոլորտային լուսաբանողներ, այսինքն, լրագրողներ, որոնք մասնագիտացած են որևէ ոլորտի լուսաբանում իրականացնելու մեջ: Հայկական մամուլում այս մոդելը քիչ տարածում ունի, հաշվի առնելով արագության և այլ գործոններ՝ լրագրողները իրականացնում են բազմաոլորտ լուսաբանումներ, երբեմն որոշ հարցերում, իհարկե, թերանալով:
Սակայն հարկ ենք համարում նշել, որ լրագրողների որոշ թերացումներ կարծրատիպային մոտեցումներ ունենալու պատճառով են: Այդպիսի թեմաներից են օրինակ գենդերին, կամ հաշմանդամությանն առնչվող նյութերը: Փոխարենը հասարակությունում առկա կարծրատիպերի կոտրման՝ մենք՝ լրագրողներս, երբեմն խորացնում ու առավել պաշտոնական ֆոն ենք հաղորդում այդ կարծրատիպերին:
Կարդացե՞լ ու լսե՞լ եք այսպիսի արտահայտություն՝ «կարևորը հոգով հաշմանդամ չլինելն է», այն ընդունե՞լ եք նորմալ և անցե՞լ առաջ.
«Հաշմանդամ բառը որևէ բացասական իմաստ չունի, այն ընդամենը կարգավիճակ է, հետևաբար չի կարող նման վիրավորական, խտրական ձևով օգտագործվել: Բացի այդ, ընդունելի տարբերակը հաշմանդամություն ունեցող անձ ձևն է». Կուշանե Չոբանյան
Թեմայի մասին զրուցել եմ լրագրող Կուշանե Չոբայանի և «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի հետ:
Զրուցակիցներս երկար տարիներ է, ինչ լուսաբանում են հաշմանդամությանն առնչվող թեմաներ:
«Եթե հարցը գլոբալ դիտարկենք, ապա լրագրողները կամ մարդիկ, որոնք տարբեր ձևաչափերով (տիկ-տոկ, համացանցի այլ հարթակներ), արհեստավարժ կամ սիրողական մակարդակում լուսաբանում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, մեկ գլխավոր խնդիր ունեն. հարցին անդրադառնում են ոչ մարդու իրավունքի տեսանկյունից: Այնինչ, մեր խնդիրն է հենց մարդու իրավունքի տեսանկյունից ուսումնասիրել ու ներկայացնել մեդիա բովանդակությունը: Եթե ավելի միկրո մակարդակում քննարկենք, ապա տարածված սխալների թվում հետևյալն է.
-ոչ ճիշտ կամ ոչ խտրական բառամթերք (երբ հաշմանդամություն ունեցող մարդը ներկայացվում է իբրև սահմանափակ կարողություններով անձ, երբ համախտանիշերը բնորոշելիս օգտագործում ենք աուտիկ, դաուն, մտավոր հետամնաց և այլ նմանատիպ արտահայտություններ)
-խղճահարություն առաջացնող բովանդակություն (երբ, դիցուք, օգտագործում ենք ճիշտ բառեր կամ եզրույթներ, սակայն նյութն այնպես է կառուցված, տեսանյութն այնպես է նկարված, որ ակնդրի մոտ կարող է առաջացնել խղճահարություն)»:
Զրուցակիցներս համակարծիք են, խղճահարությունն ու հերոսացումը, երկուսն էլ անընդունելի են հաշմանդամություն ունեցող անձի մասին պատմելիս, օրինակ, իմ հոդվածներից մեկում, երբ գրում էի հաշմանդամություն ունեցող կնոջ մասին, որը մայր էր, մտածում էի գրել՝ որ կինը հերոսաբար որդի է ունեցել, բայց ինչո՞ւ հերոսություն, ցանկացած կին կարող է որոշել, ինքն է իր որոշման տերը և կարող է երեխա ունենալ, այս անգամ խուսափեցի սխալից։ Բայց հաշվի առնելով լսարանի առկայությունը պետք է փորձենք միշտ խուսափել։
Արման Ղարիբյանն ասում է՝ վերջին տարիներին բավականին դրական տեղաշարրժ կա, բայց սխալները մեզանում էլի քիչ չեն:
«Հիմնականում նյութերում հաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես անօգնական ու խղճահարություն է առաջանում տվյալ անձի նկատմամբ, և սրանով ամրապնդվում է այն միտքը, որ այդ անձը կախյալ անձ է, այնինչ կարևոր է առաջ տանել այն միտքը, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձը պիտի լինի ինքնուրույն, և պետությունը պիտի այնպես անի որ անձը կախյալ չլինի: Կարող ենք երբեմն այնպիսի բառեր օգատոգործել, որ անկախ մեր կամքից կարծրատիպեր ստեղծվեն, օրինակ՝ տառապել այսինչ ախտանիշով, գամվել սայլակին, սրանք խղճահարություն են առաջացնում, բայց բացի դա՝ բացասական նրբերանգ կա, դու անընդհատ շեշտում ես, որ նա տառապում է, նա ուրիշ է և այլն, սա անշուշտ խորացնում է տարանջատումը հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միջև»:
Չվնասել, օգնելու փոխարեն, այս հարցում պիտի զգույշ լինել, հավելում է Արման Ղարիբյանը
«Մարդու իրավունքների լուսաբանման գլխավոր սկզբունքը «մի վնասիր»-ն է: Օգնելու ցանկությամբ մենք երբեմն վնասում ենք, չպետք է լուսաբանենք այնպես, որ անձը խղճահարության մեջ հայտնվի, որ իր շրջապատը, կամ մարդիկ, որ կարդում են ձեր նյութը նրան առանձնացնեն հասարակությունից»:
Կարծրատիպերը մեր կյանք են մտել այնքան սովորական ու այնքան պարզ դրվագներով, որ մենք երբեմն չենք էլ պատկերացնում, որ դա կարծրատիպ է, քանի որ երևույթը մշտական բնույթ է կրում, ժողովրդական լեզվով ասած՝ «մեր աչքը սովորել է դրան»: Լավ օրինակներ ունի զրուցակիցս՝ Կուշանե Չոբանյանը:
«Երբ ֆիլմերում կամ հեռուստատեսային շոուներում, որոնք մենք դիտարկում ենք որպես մեդիա արտադրանք ու թեև ժամանցային, բայց իրազեկող, կրթող գործոն պարունակող բովանդակություն, տեսնում ենք հաշմանդամություն ունեցող անձի, որը սայլակ է օգտագործում, անպայման ոտքերը ծածկված: Երբ նկարահանելիս հաշվի չենք առնում տվյալ մարդու կարծիքը, կամ ոչ շահեկան անկյունով ենք ցուցադրում, նկարահանում ենք սնվելիս (սա առհասարակ ընդունելի չէ, ոչ բոլորն են սիրում կամ մարդկանց մեծ մասը չի սիրում, երբ ուտելիս նկարում են): Երբ մենք նկարահանում ենք հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների, պիտի հաշվի առնենք, որ հասարակության մեջ առանց այն էլ կան կարծրատիպեր, և ցանկացած ոչ շահեկան ռակուրս, նպաստում է այդ կրածրատիպերի ամրապնդմանը»:
Իհարկե, ժամանակ է պետք կարծրատիպերը կոտրելու ու ներառման համար լավ հարթակ ստեղծելու համար, բայց լրագրողներն այս հարցում մեծ դեր ունեն և զգուշորեն պիտի շտապեն:
«Մեր ընթերցողներից ամեն մեկն անհատականություն է՝ հաճախ իրարից ծայրահեղ տարբերվող կրթական ցենզով: Մեր հասարակության մեջ կան մարդիկ, ընդ որում, բավական լուրջ մասնագիտության տեր՝ բժիշկներ, ուսուցիչներ և այլն, որոնք երբևէ չեն առնչվել հաշմանդամություն ունեցող անձի հետ: Նրանց մեջ արմատացած կարծրատիպերի պատասխանատուն իրենք չեն, և երբեմն նրանք ազնվորեն չեն մտածում, որ «մտավոր հետամնաց» բառի մեջ որևէ խտրական տարր կա, նրանք այդպես են սովորել: Մենք վաղուց դադարել ենք միայն իրազեկող լինել. այսօր բոլորը կարող են մեկ ֆեյսբուքյան կամ ինստագրամյան սթորիի միջոցով իրազեկել, մեր խնդիրն է ուսումնասիրել, հետազոտել և ուղղորդել մարդկանց». Կուշանե Չոբանյան
Սխալվել կարող ենք բոլորս, բայց մենք՝ լրագրողներս կարևոր դեր ունենք հավասարության գաղափարի տարածման հարցում: Այստեղ համագործակցությունը չէր խանգարի՝ լսել միմյանց, կարդալ շատ, և ամենակարևորը՝ լսել այն մարդկանց, որոնց մասին գրում ենք:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան