2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող անձանց հաճախ կարելի է տեսնել, այդպես էր նաև 90-ականներին, այդ ժամանակ պատճառներից մեկն էր նաև 88-ի աղետալի երկրաշարժը:
Պատերազմը 22-ամյա Արտուշ Տիգրանյանի համար սկսվեց դղրդոցներով ու անդորրի խախտմամբ. Արցախ, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, այստեղ թեժ կռիվներ էին: Մինչև հոկտեմբերի 24-ը կռվեց Արտուշը.
«Հանդիպակած մարտի ժամանակ արդեն հասկացանք, որ հանգիստ է, ու հետո զգացի որ արկերն եկան, ընկերս ցնցումների մեջ էր վիրավորումից, փորձեցի առաջ էրթամ ու էդ պահին զգացի, որ ոտքս արկից վիրավորված է, արյան մեջ կորած…»:
Ուզեց փրկել ընկերոջը, առաջ գնալ չկարողացավ ու այդ պահից հաշմանդամությունը Արտուշից, այսպես ասած, անբաժան է: Ավելի քան 2 տարի անց ծանր պատերազմից, Արտուշը հիշում է՝ սկզբում ամենաբարդ փուլն էր, վիրահատություններ, ցավեր, ու կասկած, ոտքը կամպուտացնե՞ն, թե ոչ: «Հավաքեցին ոտքս, ոսկորներ, բեկորներ, ինչ ճիշտ են գտել հեռացրել են, սկզբում անվասայլակով էի տեղաշարժվում, հետո 6 ամիս անց, ընկերներիս հետ երևի հաղթահարեցի էդ փուլը ու անցա հենակներին:
Հե՞շտ է ասել՝ պատերազմ, 9 վիրահատություն, ուզես քայլես, վազես, քո բնականոն կյանքով ապրես ու չկարողանաս, բացատրում է Արտուշը: «Ցավեր միշտ կան, ընտելացել եմ, մի ձեռնափայտով եմ, մարդիկ, որ կտեսնին տարօրինակ կնայեն ոտքիս, մարդ կա՝ կգիտակցե, մարդ կա՝ կզարմանա, թե ոնց կարող է ոտքի վրա էս երկաթները լինեն: «Վայ քոռացա ես» արտահատությունը շատ կլսեմ, քչերը կգիտակցեն, որ էդ զարմանքից ու տարբեր հարցերից մարդ իրան վատ կզգա, անընդհատ էդ նույն հարցերը…»:
Արտուշը հիմա սպասում է 10-րդ վիրահատությանը, վերջինի՞ն, հարցնում եմ, չէ, պատասխանում է պատերազմին մասնակցած տղան, դեռ միայն կհրաժարվի Էլիզարովի սարքից, սակայն վիրահատություններ առջևում դեռ կան: Հաշմանդամության 2-րդ կարգ, մեկ-մեկ թշնամանք, մեկ-մեկ ընկերություն այս սարքի հետ, բայց պիտի մտածես, որ լավ է լինելու:
«Քայլելը դեռ ոչինչ, կարևորը կամքդ տեղը լինի…».
Կամքը տեղն է, նոր բան անելու ցանկությունը՝ մեծ: Ամեն օր Շիրակի մարզի Բայանդուր գյուղից Արտուշը գնում է ուսումնարան, Գյումրի, նոր մասնագիտություն ձեռք բերելու նպատակով: Ապագա ոսկերիչն արդեն առաջին աշխատանքներն ունի «Նախքան դպրոցն ավարտելը շատ եմ ուզեցել էս արհեստը սովորեմ, չստացվավ, բայց եկա պատերազմից, հետո տունը նստելով ձանձրացա, ուժ հավաքեցի, սկսեցի սորվել, ստացվավ: Հատուկ ծրագրով կսորվիմ 4-րդ ուսումնարանում, լավ յուրացրել եմ, մատանի, շղթա, ականջօղեր արդեն սարքել եմ»:
Արտուշն արհեստը սերտել է, տաղանդ ունի, պատկերացում ևս, նպատակը այս գործով գումար վաստակելն է, միայն թե մի խնդիր կա, ոսկերչական սարքավորումներ կան, որոնց կարիքն հիմա Արտուշն ունի:
«Էս վիրավորումը ես կհամարեմ, որ թեթև է, լիքը տղեք կյանք կորցրին, իհարկե, շատ-շատ դժվար է, բայց հնարավոր է, ես դժգոհ չեմ, սարքերն, որ ունեցա տունը հարմար տեղ կսարքեմ ու կաշխատիմ»:
Զրուցակցիս նպատակն է՝ հատկապես պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած բազմաթիվ երիտասարդների կոչ անել երբեք չընկրկել, որովհետև ցանկության ու կամքի դրսևորման դեպքում հնարավոր է դուրս գալ ծանր թվացող իրավիճակից: Իսկ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության կարծրատիպային մոտեցումները ժամանակն է կոտրել՝ բացառելով խղճահարությունը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան