Հայաստանում 2022թ-ի հունիսին ստեղծվեց «Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիան» 9 տարբեր մասնագետների կողմից՝ միջմասնագիտական կապերի հաստատման նպատակով։
«Ստեղծելով ասոցիացիան, մենք մեկ հիմնական նպատակ ունեինք, որ հարբժշկական ծառայությունները Հայաստանում բովանդակության և ծավալի առումով լինեն համահունչ առողջապահական համաշխարհային կազմակերպության սկզբունքների հետ։ Այսինքն, հարբժշկական ծառայության կարիք ունեցող անձինք ծառայությունները ստանային լիարժեք ու համաձայնեցված, քանի որ երբեմն մարդիկ ունենում են հարբժշկական տարբեր ծառայությունների կարիք միաժամանակ և հաճախ այդ ծառայությունները իրարից անջատ էին տրամադրվում և որ ավելի վատ է, մի մասնագետի աշխատանքը մյուսին խանգարում էր, մինչդեռ պետք է փոխլրացնեին իրար։ Այս հարցն ավելի սուր դրվեց կովիդի ժամանակ, երբ հասկացանք, որ լոքդաունից հետո հարբժշկական ծառայության կարիք ունեցող երեխաների թվաքանակը աճեց, ծառայությունների անհրաժեշտությունը ավելի վաղ տարիքում սկսեց ի հայտ գալ, հոգեխոսքային զարգացման դժվարություն ունեցան և այլն»,-ասում է ասոցիացիայի նախագահ Հայկ Մկրտչյանը։
Ասոցիացիան մասնագիտական աջակցություն է ցուցաբերում մասնագետներին և նաև իրականացնում է նրանց շահերի պաշտպանությունը, այլ կերպ ասած՝ մասնագետների կողքին է ողջ ճանապարհին՝ լիցենզավորումից մինչև մասնագիտական շահերի պաշտպանություն։
«Մեր նպատակն էր ո՛չ թե կրկնօրինակել առանձին հարբժշկական մասնագետների արդեն գործող ասոցիացիաների գործառույթները, այլև կապող միջմասնագիտական օղակ ստեղծել այս մասնագիտությունների միջև։ Միևնույն ժամանակ, այն մասնագետները, որոնք չունեին ասոցիացիաներ, օրինակ, օրթեզիստները, պրոթեզիստները, տիֆլոմանկավարժները և այլն, իրենց շահերը պաշտպանող կառույց դառնալ», — ընդգծում է Մկրտչյանը։
Ասոցիացիան 43 անդամ ունի և հարյուրավոր դիմումներ անդամակցության համար։ Այս պահին անդամակցության կարգը փոխելու գործընթացի մեջ են։ Ընդգրկված է 9 մասնագետ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ, տիֆլոմանկավարժ, օրթեզիստ, պրոթեզիստ, սոցիալական աշխատողի և աջակցող սարքերի մասնագետ։ Կենտրոնի մասնագետները, որպես հրավիրված փորձագետներ, մասնակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարբեր գործիքների թեստավորմանը, հրավիրված են եղել նաև Հայաստնում վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների ռազմավարության մշակման տեխնիկական խմբում։
Ասոցիացիան հիմա առաջխաղացնում է այն գաղափարը, որ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում պետք է մասնակցեն նաև հարբժիշկ մասնագետները, այլ ոչ թե միայն բժիշկները։
«Ասոցիացիան այս պահին տեղական, միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացրել է արդեն 7 ծրագիր՝ արձագանքման, բարեգործական և հետազոտական տարբեր ծրագրեր։ Մեծ փորձագիտական ու մասնագիտական ներուժ ունենք անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ոլորտում, բազմաթիվ վերապատրաստումներ ենք արել միջազգային դասակարգչի մասին, հետազոտական ծրագրեր ենք արել ՖՄԴ-ի և աջակցող միջոցների ցանկերի մշակման մասով ենք մեծ աշխատանքներ արե։ Այս պահին երկու ծրագիր դեռ ընթացքի մեջ է՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման, կարողությունների զարգացման և սոցիալական ծառայությունների մասով»,-նշեց ասոցիացիայի նախագահը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան