Հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց համար կենսական նշանակության դեղորայքի ձեռք բերումը խնդրահարույց է։ Դժվարություններն ակնառու են հատկապես մայրաքաղաքից դուրս։ Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում բնակվող Սիլվա Բաղդասարյանը, որն ամեն ամիս բախվում է դեղերը գնելու խնդրին, պետությունից հստակ լուծումներ է ակնկալում։
Ըստ նրա՝ պետք է ամսվա մեջ առնվազն մեկ անգամ պետությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին մեքենա տրամադրի, որպեսզի նրանք կարողանան հասնել Երևան և զբաղվեն իրենց խնդիրներով։
«Ես միայնակ եմ ապրում, տեղաշարժվելու խնդիր ունեմ, մնա՞մ առանց դեղ։ Մեկը պետք է, որի հետ կարողանամ ես գնամ, իմ հույսը մնացել են տաքսիները։ Իմ դեղի համար ես յուրաքանչյուր ամիս վճարում եմ 6 հազար դրամ, որը Երևանի մի քանի դեղատներում է վաճառվում։ Ամեն ամիս ես մեքենային վճարում եմ 13 հազար դրամ, որ գնամ 6 հազար դրամով դեղ առնեմ։ Իմ նպաստից մնում է 12 հազար դրամ, ես դրանով մեկ ամիս ինչպե՞ս ապրեմ։ Գոնե ամսվա մեջ մեկ անգամ միայնակ հաշմանդամներին մեքենա տրամադրեն կամ դեղը իրենք բերեն, մենք՝ վճարենք, չենք ասում, որ իրենք գնեն»,-ասաց նա։
Նա խնդրահարույց է համարում նաև այն է, որ իր բուժման համար անհրաժեշտ դեղորայքը, որի արժեքը գերազանցում է 1000 դրամը, պետությունը պետպատվերի շրջանակում չի տրամադրում։ «Հույսս դնում են հաշմանդամության համար տրվող 31 հազար 600 դրամ նպաստի վրա։ Իրենք միայն վիտամիններն են տալիս, որը 150 դրամ է»,-նշեց Սիլվա Բաղդասարյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման խնդիրների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությունից։ Գերատեսչության մամուլի խոսնակը հայտնեց, որ նախարարությունը նման աջակցություն չի կարող տրամադրել, սակայն, տարեցներին և հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց տրամադրում է խնամակալներ, որոնք առօրյա հարցերում աջակցում են նրանց։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան