Հիմա, երբ կարդում է իր մասին հրապարակումները, Մանեի դեմքին ժպիտ է գալիս՝ թե ինչպես կյանքի տարբեր փուլերում կարողացավ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել, աշխատանք գտնել, ընտանիք կազմել, մայրանալ ու ապրել լիարժեք կյանքով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում է աշխատում Մանե Ասրյանը:
Ծնունդով Լոռու մարզի Ախթալա բնակավայրից է: 32 տարեկան: Նախասիրություները բազմաթիվ են` գրականությունից մինչև արվեստ: Երբ ազատ ժամանակ է ունենում՝ ստեղծագործում է: «Ժամանակին ,- ասում է, -երազում էի համակարգիչ ունենալ: «Ֆեյսբուք»- շնորհիվ ունեցա: Երազում էի սայլակ ունենալ` «Լիարժեք կյանք» ՀԿ-ը նվիրեց», — ժպիտով ու անթաքույց հպարտությամբ է հիշում Մանեն:
Երբ երազանքներն սկսեցին հաջորդաբար իրագործվել, Մանեն ավելի համարձակ դարձավ աշխատանք որոնելու հարցում: Ինչպես ինքն է ասում` բախտը բերեց, և նորից ճանապարհը խաչվեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ՝ LIFE ծրագրի շրջանակներում: Տեղեկացավ, որ ԱԻՆ-ը թափուր աշխատատեղեր է հայտարարել սայլակով տեղաշարժվող անձանց համար: Թերահավատ էր, բայց առցանց հայտ ուղարկեց: Հաղթահարեց հարցազրույցի փուլը, ապա՝եռամսյա փորձաշրջանը: Շուրջ 10 տարի է`Մանեն ԱԻՆ 911 ծառայության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվական բաժնում է աշխատում: «Աշխատանքը հիմնովին փոխեց կյանքս: Հիմա ձեր առաջ նոր Մանեն է` բոլորովին նոր հոգեբանությամբ, նոր մտածելակերպով: Հիմա գունավոր օրերն ավելի շատ են իմ կյանքում, ինչի համար շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ»:
Աշխատանքային առօրյան հագեցած է անցնում: Շփումներն աշխատանքային միջավայրում նույնպես բարերար են անդրադարձել նրա վրա: «Չնայած օրեր են լինում, երբ շատ ծանրաբեռնված ենք աշխատում, բայց նույնիսկ այդ ծանրաբեռնվածությունը հաճելի է: Բոլորը միմյանց հանդեպ հարգալից են, ընկերական, երբեմն կատակում ենք, բավական մտերմացել ենք: Աշխատանքային միջավայրը մեր երկրորդ տունն է»:
Այսքանով, սակայն, Մանեն չսահմանափակվեց: Ներգրավվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի առկա ուսուցման համակարգում և գերազանցությամբ ավարտեց այն.«Շատ եմ կարևորում հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթությունը: Ունենալով կրթություն` հաշմանդամություն ունեցող անձինք ինքնադրսևորման և կայանալու հնարավորություն են ստանում»:
Հասարակության վերաբերմունքը բավական փոխվել է՝ Մանեն է ասում: Ընդ որում՝ դեպի դրականը: «Ինձ համազգեստով տեսնելիս մարդկանց աչքերում հարգանք եմ տեսնում ու ինձ ավելի պիտանի զգում հայրենիքիս: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- հպարտ կեցվածքով պատիվ է բռնում Մանեն ու շարունակում,-անկեղծ ասած, երբ սկսեցի աշխատել ԱԻՆ-ում, ասես ողջ աշխարհն էին նվիրել ինձ։ Հետզհետե դարձավ ավելի փորձառու, ավելի հմտացավ աշխատանքում: Այնքան էր տարվել սիրելի աշխատանքով, որ էլ ոչ մի բանի մասին չէր էլ ուզում մտածել։ Աշխատանքի շնորհիվ Մանեն ավելի ինքնուրույն ու անկախ դարձավ։
Երազանքներն իրականանալու սովորություն ունեն: Մանեի պարագայում էլ ճակատագիրը շռայլ գտնվեց: Աշխատանքային տարվա 3-րդ գարունն էր՝ մայիսյան արևոտ մի օր։ Աշխատավայրից դուրս էր եկել՝ ընդմիջելու։ Ինչպես ինքն է ասում՝ ջերմացնող արևն ու մայիսյան վարդերը դուրս կանչեցին ու որոշեցի մի քիչ զբոսնել. «Սայլակով անցնում ու հիանում էր ԱԻՆ-ի այգում գորգ կազմած հիասքանչ վարդերով, երբ անծանոթ ձայնից սթափվեցի։ Մի երիտասարդ հարցնում էր, թե ինչպես կարող է գտնել ղեկավարությանը՝ ԱԻՆ-ում աշխատանքի ընդունվելու համար։ Արագ պատասխանեցի ու հեռացա»։
Ճակատագրական հանդիպումը շատ արագ վերածվում է ռոմանտիկ սիրո: Արշակը ծանոթանում է Մանեի ընտանիքի հետ: Մտադրությունը լուրջ էր։ Հաջորդ այցն արդեն մոր ու քրոջ հետ էր։ Նշանադրություն, ապա և ամուսնություն։ Մանեն անսահման քնքշությամբ է խոսում ամուսնու մասին: «Ամուսինս օգնում է ինձ ամեն ինչում։ Ես սիրեցի նրան ու հավատացի: Արշակի կողքին այլևս մոռացա իմ հաշմանդամության մասին։ Աստված շռայլ գտնվեց իմ հանդեպ, ես զգացի, թե ինչ է նշանակում սիրել ու սիրվել: Մեր ամուսնության 2-րդ տարում, երբ իմացանք, որ բալիկի եմ սպասում, մեր ուրախությանը չափ չկար»,-հուզմունքը հազիվ զսպելով պատմում է Մանեն։
Արևոտ ու վարդաշատ մայիսյան մի օր լույս աշխարհ եկավ նրանց շատ սպասված դստրիկը։ Ու այսուհետ մայիսը դարձավ Մանեի ամենասիրելի ամիսը:
«Երբ առաջին անգամ գրկեցի աղջկաս, ինձ թվաց, ողջ աշխարհն է իմը, ողջ տիեզերքը»,- աչքերը խոնավանում են:
Արդեն յոթ տարի է՝ Մանեն վայելում է երջանիկ կին ու մայր լինելու բերկրանքն ամեն վայրկյան: Ունի հրաշք ընտանիք ու շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր հավատացին իրեն, ովքեր հուսադրեցին ու քաջալերեցին. «Շնորհակալ եմ ինձ թևեր տվող ու վայրէջք թույլ չտվող մայրիկիս, ինձ բարձրագույն ու վեհ սիրո տիտղոսին արժանացնող ամուսնուս, ինձ մայրիկ դառնալու բերկրանք նվիրած իմ հրաշք բալիկին և այս ամենը ծրագրող ու ինձ պարգևող Աստծուն»:
Մանեն ասում է, բոլորն էլ երջանիկ լինելու իրավունք ունեն՝ անկախ հաշմանդամությունից: Պատգամ ունի՝ երբեք չթուլանա՛ք, չհանձնվե՛ք կյանքի ալիքներին, պայքարե՛ք, լողացե՛ք հերոսաբար և իմացե՛ք՝ որքան էլ մեծ լինի օվկիանոսը, միևնույնն է՝ ափեր ունի: Միգուցե մի օր հայտնվեք հենց այն ափում, որտեղ մայիս կա, արև ու վարդեր…
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսինե Սարգսյան
Լուսանկարները՝ Մանե Ասրյանի ֆեյսբուքյան էջից