Քրիստինե Հովհաննիսյանը վերջերս, իր համար անսպասելի, հաղթող ճանաչվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպված «Ես ուժեղ եմ» նախագծում։ Մեկ բեմում, մեկ հարկի տակ իրենց տաղանդն էին ցուցադրում ու ուժերը փորձում տարբեր խնդիրներ ունեցող անձիք։ Քրիստինեն մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել ու չէր մերժել, սիրում է երգել, երգի միջոցով հույզերն արտահայտել ու հանդիսատեսին փոխանցել, բայց որ հաղթող կճանաչվի, չէր սպասում։ Ավելին, այդքան անսպասելի հաղթանակը Քրիստինեի համար մի նոր սկիզբ դարձավ։
«Մրցույթից հետո ավելի մեծ ինքնավստահություն ձեռք բերեցի ու եթե մինչ այդ ուղղակի սիրում էի երգել, հիմա ուզում եմ ավելի լուիրջ զբաղվել երգով։ Չգիտեմ դեռ ինչից ու ոնց եմ սկսելու, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ, փնտրտուքների մեջ եմ», — coalition.am-ի հետ զրույցում ասում է Քրիստինեն։
Քրիստինեն տեսողությունը կորցրել է 14 տարեկանում, գլաուկոմա հիվանդության պատճառով, իսկ երգել սկսել է 16 տարեկանից՝ մոր խորհրդով։
«Ես միշտ սիրել եմ երգել, երգել եմ ընտանեկան միջոցառումների ժամանակ, տանը, դպրոցում, բայց երբեք չէի մտածել պրոֆեսիոնալ երգով զբաղվելու մասին։ Մայրս ինձ ասաց, որ պետք է երգեմ ու խորացնեմ գիտելիքներս։ Ուսուցիչ գտավ, ում հետ սկսեցինք պարապել տանը, մասնակցեցի փառատոնների, հաջողությւոններ ունեցա և այդպես սկսեցի երգել», — պատմում է Քրիստինեն։
Ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, հեղինակային երգի կատարող է։ Նաև ստեղծագործել է ու շատ համերգների մասնակցել իր հեղինակային երգերով։ Հիմա չի ստեղծագործում, մինչև նախագիծը առանձնապես երգելու ու այդ ոլորտում զարգանալու մասին էլ չէր մտածում, հիմա ամեն ինչ այլ է, շարունակելու է երգել՝ ասում է։
Քրիստինեն նաև Կոնսերվատորիա ընդունվելու ցանկություն է ունեցել, բայց մոր մահվանից հետո ուղեկցող չի ունեցել։ Ստիպված է եղել հրաժարվել այդ մտքից։ Նրա կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանցել, դժվարություններ ու հիսաթափություններ ևս եղել են, բայց դրանց մասին խոսել առանձնապես չի սիրում։
«Չտեսնելը, իհարկե, պատճառ չէ երազանքներից հետ կանգնելու և բոլոր դժվարություններն էլ հաղթահարել եմ ու շարունակելու եմ հաղթահարել։ Ես այլ տարբերակ չունեմ։ Եթե ապրում ես, եթե ուզում ես առաջ գնալ, ուրեմն դժգոհելու ու նեղսրտելու վրա ժամանակ չպետք է կորցնես։ Ես հիմա այդպես եմ մտածում ու եթե նախկինում էլ այդպես առաջ գնայի, գուցե ամեն ինչ այլ կլիններ։ Բայց ինչպես ասում են, երբեք էլ ուշ չէ առաջ գնալու, հաջողելու և հաղթելու համար», — լավատեսական տրամադրությամբ եզրափակում է Քրիստինեն։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան