Հայաստանում աշխատանքային միջավայրի անհարմարությունների ու անմատչելիության մասին էլ ո՞վ ավելի լավ կարող է իմանալ, քան նա, ով մի քանի տասնյակ դիմումներ է ուղարկել տարբեր ընկերությունների, ստացել հրավեր հարցազրույցներին մասնակցելու համար, բայց չի ունեցել և ոչ մի հնարավորություն դա անելու։ 34-ամյա Արև Մելքոնյանը ծրագրավորում է սովորել ու առանց աշխատանքի մնացել։
«Քանի որ ես սայլակով եմ տեղաշարժվում, հարցազրույցներին մասնակցել չեմ կարողանում, տարածքը հիմնականում անմատչելի է լինում։ Եղել են դեպքեր, երբ առաջարկել եմ գոնե հարցազրույցին մասնակցելու համար որոշ հարմարեցումներ անեն, բայց տարբեր պատճառաբանություններ նշելով հրաժարվել են։ Ավելի քան 50 դիմում եմ ներկայացրել, բայց աշխատանք այդպես էլ չեմ գտել։ Հիմա հասարակական աշխատանքով եմ զբաղվում, հաշմանդամություն ունեցող անձանց շահերն եմ պաշտպանում», — ասում է Արևը։
Հայաստանում գործող 100-ից ավելի ՏՏ ոլորտում գործող ընկերություններ կան, բայց հաշմանդամություն ունեցող աշխատակիցների թիվը նվազագույնն է, ընկերությունների մեծ մասն էլ պարզապես չունեն կամ չեն ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց։
Աշխատանքային միջավայրերում թիմերի զգայունակության բարձրացման և աշխատավայրերն ավելի մատչելի և հասանելի դարձնելու նպատակով նորարական լուծումներ գտնելու համար արդեն երկրորդ տարին է «Ադոբ Արմենիա» և «Meetal» ընկերությունները համատեղ իրականացնում են պանելային քննարկում։ Աշխատաշուկայում և մասնավորապես ՏՏ ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց փոքր թիվն է պատճառ դարձել նման միջոցառում անցկացնելու, ասում է «Meetal» ընկերության տնօրեն Տաթև Բլբուլյանը։
«Հասկանալի է ,որ 1-2 կամ մի քանի միջոցառում անելով այս խնդիրն ամբողջությամբ չենք լուծի, երկար աշխատանք է պետք։ Բոլորը ասում են, որ պետք է ներառական լինել, բայց չունեն հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ կամ առավելագույնը 3-4 հոգի։ Պետք է ունենալ ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, թե ինչպես առաջ գնալ հաջողելու համար և մեր նպատակն էր շուկայի ուշադրությունը բերել այդ խնդրի վրա», — ասում է Տաթևը։
Միջոցառմանը հրավիրված էին թե՛ հաշմանդամություն ունեցող անձինք, թե՛ ՏՏ ոլորտի, օրենսդիրի ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտում աշխատանք գտած անձինք, ովքեր կիսվեցին իրենց փորձով, հոգեբան, որ ներկայացրեց հաշմանդամումություն ունեցող անձանց հետ աշխատելու հմտությունները և պարզապես թեմայով հետաքրքրված անձինք։
Քանի որ շուկայում փորձը քիչ է, մեր միջոցառման նպատակն ավելի շատ գոյություն ունեցող փորձի փոխանակումն էր, աշխատանքային նրբությունների մասին խոսելը, հաշմանդամություն ունեցող անձանց ճիշտ ներառումը աշխատանքային գոծընթացի, աշխատանքային կոլեկտիվի մեջ , — նշում է Տաթև Բլբուլյանը։
Նման միջոցառում նաև նախորդ տարի էր կազմակերպվել։ Այս տարի հյուրերի ցանկում ավելի շատ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն էին ընդգրկված։ Մարդիկ ովքեր որոշում կայացնող էին, ովքեր միջոցառումից հետո կսկսեին մտածել հաշմանդամություն ունեցող անձանց իրենց ընկերությունում աշխատանքի ներգրավելու մասին, նշում է «Ադոբ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Հեղինե Հակոբյանը։
«Միջոցառումից հետո արձագանքներ ստացել ենք ընկերություններից, կա ցանկություն հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելու։ Միջոցառումը մտածելու տեղիք է տվել, սա արդեն լավ է։ Իսկ թե որն է պատճառը, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն ներգրավվում, երևի պատճառները տարբեր են՝ թե՛ ֆիզիկական միջավայրի անմատչելիությունը, թե՛ բիզնեսի ունեցած առաջնահերթությունից ելնելով», — ասում է «Ադոբ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մեկի ներկայացուցչի հետ խոսեցինք։ (Լիաննան չցանկացավ, որ իրենց ընկերության անունը նշվի) HR–ի մասնագետ Լիանա Դոխոյանը նշեց, որ իրենց ընկերությունը ՀՀ-ում գործում է 2018թ-ից, բայց այս տարիների ընթացքում չեն ունեցել հաշմանդամություն ունեցող որևէ աշխատակից։ Չեն եղել նաև դիմողներ, ասում է Լիանան, իսկ միջոցառումը ևս մեկ առիթ էր մտածելու համար հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներառման մասին։
«Շենքային պայմանների բարելավման, ֆիզիկական մատչելիության ապահովման համար թե՛ ֆինանսական ռեսուրսն ունենք, թե՛ ցանկությունը, ծրագրեր էլ կան, որ ավելի մատչելի դարձնենք ընկերությունը՝ թեպետ վերելակ կա, հարմարեցումներ կան արված։ Մենք պատրաստ ենք հաշմանդամություն ունեցող անձանց վերցնել աշխատանքի և անհրաժեշտության դեպքում որոշ հարմարեցումներ անել, միայն թե համագործակցությունը պետք է երկկողմանի լինի։ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ները երևի պետք է ինչ-որ ցանց հիմնեն կամ լավ աշխատակիցների մասին մեզ տեղեկացնեն, որովհետև մենք իրենց մասին տեղեկացված չենք, չենք ճանաչում», — ասաց Լիանան։
Կարևոր է, որ մարդիկ սկսեն խոսել ու մտածել խնդրի վերաբերյալ, որոնք շատ են և 1-2 հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի։ Պետք է խնդիրների մասին պարբերաբար խոսել, որ արդյունք լինի, համոզված են թե՛ միջոցառման կազմակերպիչները, թե՛ մասնակիցներն ու թե՛ հաշմանդամություն ունեցող անձինք։
«Եթե անգամ այս պահին միջոցառման արդյունավետությունը չերևա, վստահ եմ տարիներ հետո այն կտա իր արդյունքը։ Միջոցառման ընթացքում կարևոր ուղերձ էր այն, որ ընկերությունները աշխատանքի ընդունելիս կամ որևէ ծրագիր իրականացնելիս, անգամ կրթական, պետք է առաջին հերթին հաշվի առնեն ու լսեն հենց հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը։ Բացի այդ, միջոցառման ժամանակ խոսվեց նաև այն մասին, որ պետք չէ միանգամից մերժել հաշմանդամություն ունեցող անձին, այլ պետք է տալ հնարավորություն և հասկանալ նրա կարողությունները, ապա նոր միայն որոշում կայացնել», — ասում է տեսողության խնդիր ունեցող Վահան Դիշլանյանը, ով ժամանակին բուժական մերսման մասնագիտությամբ աշխատանք գտնելու անհաջող փորձ է ունեցել, իսկ ավելի ուշ տարբեր կարճաժամկետ ծրագրերում ներգրավված եղել՝ լուծելով իր զբաղվածության խնդիրը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան