Ցանկության դեպքում անգամ կարելի է ձեռք բերել զբաղվածություն և աշխատանք. այսպես է կարծում 52- ամյա Մանուշակ Ներսիսյանը, ով ունի հաշմանդամություն։
Նա շատուշատ փորձեր է արել աշխատանք գտնելու, ունեցել է առաջարկներ, սակայն ոչ մեկը մատչելիության տեսանկյունից հարմար չեն եղել։ Նշում է՝ կա՛մ աշխատավայրն է հեռու գտնվել բնակավայրից, կա՛մ կառույցը ապահովված չի եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անհրաժեշտ կահավորմամբ։
Չնայելով համայնքի սուղ հնարավորություններին՝ կապված մատչելիության հետ, Մանուշակը հետ չի կանգնել իր երազանքներից։ Նա հիմնել է ձեռագործության փոքրիկ բիզնես, որը հնարավորություն է տալիս տանից աշխատելու։ Ասում է՝ այս տարբերակը թեև ձեռնտու է, բայց լիովին զերծ չի պահում դժվարություններից։
Մանուշակ Ներսիսյանը կարում և գործում է հայկական նախշերով և խորհրդանիշներով հագուստներ, խաղալիքներ, անկողնային պարագաներ։ Իրականացնում են նաև «Երկրորդ կյանք հագուստին» ծրագիրը, որի շրջանակներում օգտագործված ջինսե հագուստից կարում են էկո պայուսակներ, իսկ ստացված եկամտի 50 %-ը ուղղում՝ համայնքում գործող երիտասարդական կենտրոնում կազմակերպվող երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներին։
Բազմաթիվ արհեստների գաղտնիքներին տիրապետող և մշտապես նորը սովորելու ձգտում ունեցող մեր զրուցակիցը Շիրակի մարզի Գոգովիտ համայնքից է։
Հաշմանդամություն ունենալու փաստը ի հայտ է եկել 1 տարեկանում։ Մանուշակն ունի մանկական ուղեղային կաթված, ինչի հետևանքով չի կարողանում քայլել։
Կարելու և գործելու ձիրքը ժառանգել է մորից և տատից, իսկ հմտությունները տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող դասընթացների շրջանակներում կատարելագործելով՝ փոխանցել է համայնքում ապրող կանանց և աղջիկներին։
«Կամավորության այդ շրջանում հաճախ էինք կազմակերպում ցուցահանդեսներ, որին հրավիրվում էին հյուրեր և լրատվամիջոցներ նաև արտերկրից։ Սա մեծ հնարավորություն էր՝ աչքի ընկնելու, ինչը հիմք դարձավ զբաղմունքը բիզնեսի վերածելու»- coalition.am-ի հետ զրույցում նշում է Մանուշակը և ավելացնում՝ սկզբում թիմը փոքրակազմ էր, 7 հոգով էին միայն, սակայն ժամանակի ընթացքում պատվերների քանակի մեծացմանը զուգընթաց ընդլայնվեց նաև աշխատակազմը․ այժմ թիմը բաղկացած է շուրջ 30 աշխատակցից։
Ձեռնարկությունը գործում է մոտ 10 տարի, որին հիմնադրման պահից աշխատանքների կազմակերպման հարցում մշտապես աջակցում է (HDIF) Homeland Development Initiative Foundation-ը («Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ):
Ապրանքների հիմնական պատվիրատուն Սփյուռքն է, թեև Հայաստանի տարածքում ևս ունենում են պատվերներ: Այստեղ վաճառք սկսել են իրականացնել մասնավորապես համավարակի օրերին, երբ սահմանների փակ լինելու պատճառով արտահանումներ հնարավոր չէր իրականացնել, սակայն աշխատանքները դադարեցնել ևս չէին կարող։ (HDIF)-ի աջակցությամբ կամավորական սկզբունքներով 44-օրյա պատերազմի ընթացքում գործում էին գուլպաներ, գլխարկներ զինվորների, ինչպես նաև՝ Արցախից տեղահանված երեխաների համար։
Խոսելով աշխատանքից ստացվող եկամտի մասին, ասում է․ «Ստացվող գումարի շուրջ 60 տոկոսը ծախսում ենք ճանապարհների վրա. բոլորս աշխատում ենք տանից և մեկս մյուսին անհրաժեշտ պարագաներ փոխանցելու համար օգտվում ենք տաքսիներից, ինչը հարմար չէ և՛ ֆինանսական, և՛ աշխատանքների բաշխման ու կազմակերպման տեսանկյուններից»։
Մանուշակի ծրագրերը այդքանով չեն ավարտվում, նա մտադիր է հիմնել ներառական արհեստանոց-թեյարան, որտեղ հնարավորություն կունենան աշխատելու, կրթվելու բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից ու տարիքից։
Հարցին, թե ո՞րն է իր ամենամեծ մտահոգությունը, պատասխանում է, որ կցանկանար ունենալ օգնական, որի օգնությամբ կկարողանար տեղաշարժվել և հասնել իրեն անհրաժեշտ վայր՝ առանց որևէ մեկին անհանգստացնելու։
«Անմատչելիության խնդիրը ամենուր է, որը հաշմանդամություն ունեցող անձանց խոչընդոտում է այս կամ այն նպատակին հասնելու հարցում․․․ Հարմար չեն փողոցները, կառույցները, անհարմար է նույնիսկ առաջին հարկ բարձրանալը, չկան թեքահարթակներ»,- ասում է Մանուշակը և նշում, որ անմատչելիության խնդրի պատճառով հաճախ ներկա չի կարողանում գտնվել միջոցառումներին, հանդիպումներին, նույնիսկ ստիպված է լինում մերժել ցուցահանդեսների առաջարկներ։
Նա ընդգծում է նաև, որ մեքենաներով որևէ տեղ տեղափոխվելու դեպքում վարորդները դժգոհում են կամ՝ հրաժարվում իրեն տեղափոխելուց՝ պատճառաբանելով, թե սայլակը մեծ է, մեքենայում չի տեղավորվի։
Մանուշակը բավականին ջանքեր է ներդրել իր բիզնես-ծրագիրը կյանքի կոչելու համար․ «Այսքան իրականացված ծրագրերից հետո հիմա ավելի շատ եմ հավատում իմ ուժերին և աշխատանքի առաջխաղացմանը, ինչի համար անում եմ ամեն բան․․․ Հիմա սովորում եմ նաև հագուստի մոդելավորում և, քանի որ ուզում եմ բացել ներառական արհեստանոց, ուզում եմ այստեղ առավել լայն լինեն հնարավորությունները, ուզում եմ սովորել, որ սովորեցնեմ»,- ժպիտով եզրափակում է Մանուշակը, ով ապրում և իրեն լիարժեք է զգում սիրելի զբաղմունքի շնորհիվ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մերի Մաթևոսյան