Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների վերաբերյալ այսօր մամուլում հարյուրավոր լուսաբանումներ կարելի է տեսնել: Անձի հաշմանդամությանն ու գենդերային թեմաներին առնչվող լուսաբանումները, սակայն, պահանջում են ճիշտ տերմինաբանության, օրենքի, անձնական տվյալների հետ աշխատելու կարողություններ:
Լրագրողներ, օպերատորներ, մեդիա ոլորտի այլ ներկայացուցիչներ. Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզի մասնագետներին «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հավաքել էր մեկ հարկի տակ՝ երկօրյա դասընթացի շրջանակներում: «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի հիմնական ու առաջնային նպատակն էր՝ լրագրողների, բլոգերների իրազեկվածության աստիճանը բարձրացնել հետագա ոլորտային լուսաբանումներ իրականացնելիս: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու «ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում:
Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ ճիշտ աշխատանք, ինչպես նաև գենդերային և հաշմանդամության հիմքով կարծրատիպերի կոտրում, սրանք նախաձեռնության երկու հիմնական խնդիրներն են: Դասընթացի մասնակցության բազմաթիվ հայտերից ընտրվել են 20 լրագրողներ ու ոլորտի ներկայացուցիչներ: Բանախոսությունների համար ևս հայտերը քիչ չեն եղել, նրանիցից երկօրյա դասընթացները վարել են՝
Քրիստինա Հովհաննիսյան. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ
Մուշեղ Հովսեփյան. Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ
Կուշանե Չոբանյան. Հայաստանի հանրային ռադիոյի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հաղորդաշարի հեղինակ, EVN Report-ի լրագրող
Արման Ղարիբյան. «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր
Անի Կոջոյան. Գենդերային հարցերով փորձագետ, ԵՊՀ դասախոս
Տաթևիկ Թոխյան. Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ավագիրավախորհրդատու։
«Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը դասընթացի մեկնարկին նշեց.
«Ծրագրի ու դասընթացի նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների իրազեկության բարձրացումը՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների, գենդերային և հաշմանդամային հիմքով կարծրատիպեր կոտրելու վերաբերյալ, քանի որ հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են, օրինակ, հաշմանդամություն ունեցող տղամարդկանց համեմատ։ Լրատվամիջոցների դերը մեծ է խնդիրների լուծմանը նպաստելու, հասարակությունը կրթելու և կարծրատիպերը հաղթահարելու գործում։ Հենց այս պատճառով շատ կարևոր է, որ հանրության լայն լսարանի հետ աշխատող անձինք տիրապետեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու տեխնիկային, նրանց խնդիրները ճիշտ տերմիններով ներկայացնեն, ինչը կնպաստի ոչ միայն հասարակության շրջանում կարծրատիպերի կոտրմանը, այլև հաշմանդամություն ունեցող անձնանց ներգրավմանը»:
Դասընթացի շրջանակներում բանախոսները նախատեսել էին ոչ միայն տեսական, այլև գործնական աշխատանքներ: Սեփական փորձով ու մամուլում առկա սխալներով, հաջողված, երբեմն էլ ոչ միտումնավոր՝ ոլորտային լուսաբանման անհաջող փորձերը քննարկվել են: Լսարանը ևս ակտիվ էր, ներկա մասնագետներից շատերը նաև ոլորտում աշխատելու փորձ ունեին:
Ծավալուն ու բովանդակային երկօրյա դասընթացի կարմիր թելը՝ նախևառաջ հաշմանդամություն ունեցող անձին չվնասելու սկզբունքն է, հետո՝«ոչինչ առանց մեզ, մեր մասին»-ը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան