our_members
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Կարդալ ավելին Փակել
Կազմակերպությունը նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային իրավունքների իրացմանը՝ շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով:

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում Կարինե Գրիգորյանի կողմից:

Կազմակերպությունը նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային իրավունքների իրացմանը՝ շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով:

Կազմակերպությունն իր գործունեության 16 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 80 տեղական, ազգային և միջազգային ծրագրեր, որոնք նպաստել են հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց իրավունքների իրացմանը և դրական ազդեցություն են ունեցել ավելի քան 10,000 շահառուների համար (հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամները, պետական և ՏԻՄ ներկայացուցիչներ, հաշմանդամահեն և իրավապաշտպան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, մանկատներ, ԲՈՒՀ-եր, քոլեջներ, մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, դպրոցներ, առողջապահական և ծառայություններ մատուցող այլ հաստատություններ ու անհատներ):

Կազմակերպության շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից են հետազոտություններն ու հրատարակությունները` ուղեցույցներ, տեղեկատվական բուկլետներ, ձեռնարկներ, գրքեր, բառարաններ, տեսա և ձայնա սկավառակներ, աուդիո գրքեր, ֆիլմեր, սոցիալական գովազդներ և այլն:

«Ագաթ» կազմակերպությունը Հայաստանում առաջինն է թարգմանել և հրատարակել ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, «Հաշմանդամություն ունեցող կանանց համար» առողջապահական ձեռնարկը: Ստեղծել է առաջին հայկական ժեստերի լեզվի, ինչպես նաև հայ-ամերիկյան ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարանները:

Կարևորագույն նախաձեռնություններից է Շիրակի մարզում առաջին ներառական խաղահրապարակի կառուցումը:

«Ագաթ» ՀԿ-ն տեղական, ազգային և միջազգային ցանցերի և կոալիցիաների անդամ է` «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա (ԽԴՊՀՀԿ) «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա,

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության Մարդու իրավունքների պաշտպանին կից խորհուրդ և այլն։

Կազմակերպությունը ստեղծել է նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, որին անդամակցում է 16 ոլորտային հասարակական կազմակերպություն և 7 անհատ անդամ։

2020թվականին կազմակերպության նախաձեռնությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում ստեղծվել է «Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը, որը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցում Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի անձանց, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին։

Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրման օրվանից՝ երկու տարվա ընթացքում 1249 ծառայություն է մատուցել շուրջ 480 անձի։